Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խումբը շարունակում է աշխատանքները:
«Ելք» խմբակցության առաջարկները ներկայացրեց պատգամավոր Լենա Նազարյանը: Նիստը վարող` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, ըստ էության, իրենց և «Ելք»-ի առաջարկները նույնն են:
Նազարյանի ներկայացմամբ` իրենք առաջարկում են, որ զորամասերում ևս հնարավորություն լինի քարոզչական նյութին ծանոթացնելու: «Որպեսզի զինվորական ծառայություն իրականացնող քաղաքացիները ևս ծանոթ լինեն քաղաքական թիմերի տեսակետներին»,- ասաց նա:
ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց` արդյո՞ք օրենսդրությունն արգելում է դա:
Նազարյանը պատասխանեց, որ չի արգելում, սակայն դա պետք է լինի իմպերատիվ պարտադրում:
Սարգսյանն էլ ասաց, որ իրենք էլ դեմ չեն, և առաջարկեց նույնն անել նաև ազատազրկման վայրերում:
«Ելք»ի հաջորդ առաջարկն այն էր, որ Հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ բանավեճերի կազմակերպումը լինի պարտադիր, իսկ մասնակցությունը` կամավոր: «Եթե մեկը կարող է չգալ, դատարկ աթոռի էֆեկտ լինի»,- ասաց նա:
Այս առաջարկին դեմ էր ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա` եթե 10 կուսակցություն որոշել են մասնակցել, ինչը ողջամիտ է, սա ենթադրում է, որ տասի միջև բանավեճն անարդյունավետ է: Նա առաջարկեց այլ բան մտածել: «Նախատեսեք` եթե ցանկացած այլ քանակի քաղաքական ուժեր պայմանավորվում են բանավեճի մասին, ապա Հանրայինը պարտավոր է ապահովել: Բայց սկզբից քաղաքական ուժերը կորոշեն բանավիճել: Եվ բացի այդ` ծանրաքաշերը նույնը չեն, և շատ հնարավոր է` ցանկություն չկա մի ավտոբուս էկիպաժը ներկայացնող ուժի հետ քննարկելու»,- ասաց նա:
Նազարյանը հստակեցրեց, որ փորձը ցույց է տվել, որ միշտ խուսափում են, և հավելեց, որ բանավեճի առաջարկը վերաբերում է ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող թեկնածուներին:
Իսկ ՀՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ` Արփինե Հովհաննիսյանը, առաջարկը ողջունեց, բայց առաջարկեց հակառակ կողմից գալ` որպեսզի հեռուստատեսությունն ասի` մեզ մոտ բանավեճ է, ովքե՞ր կգան, այսինքն` իմպերատիվ պահանջ չդնել:
Լենա Նազարյանը համաձայն էր նման առաջարկին:
ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ ասաց, որ պետք է ֆիքսել, որ բանավեճը չի լինելու վճարովիի և անվճարի հաշվին:
Դավիթ Հարությունյանն էլ առաջարկեց, որ ֆորմատը կուսակցությունները որոշեն և օրենսդրորեն ամրագրեն պարտավորությունն ու հավասարությունը: «Չստացվի` ծանրաքաշն իր կողմից օգտագործվող թեթև քաշային ուժի հետ գնա բանավեճի»,- ասաց նա:
Հաջորդ առաջարկն այն էր, որ թույլ չտան անձը հաստատող անվավեր փաստաթղթով ընտրություն իրականացնել: Ըստ Նազարյանի՝ 200 000 անուն այդպիսով դուրս կհանվի քվեարկողների ցուցակից, ովքեր, ամենայն հավանականությամբ, այլ երկրում են, և կկանխվի նրանց փոխարեն քվեարկությունը: Ըստ նրա` փոխարենը լրացուցիչ ցուցակներ լինեն` եթե անձը ներկայանում է, արդեն կտրվեն վավեր անձնագրեր:
Վիգեն Սարգսյանը դեմ էր մարդուն ի սկզբանե քվեարկողների ցուցակից հանելու մոտեցմանը: Ըստ նրա` կառավարության պատրականությունն է մաքրել ցուցակները` արձանագրելով, որ նախկին ընտրություններին դա լավագույնս արվեց. որևէ մեկը չարձանագրեց, որ նման մեկը եղել է: Վիգեն Սարգսյանի առաջարկով` կառավարությունը դռնեդուռ պետք է արշավ անի, որ մինչև ցուցակից հանելը համոզվի, որ երկրում չեն: «Դա հեշտ իրականացվելի է և բարդ չէ»,- ասաց նա:
Հարությունյանն առաջարկեց հորդորել կառավարությանը` վեր հանել նախորդ ընտրությունների գրանցված արդյունքները և հայտնաբերվել` բնակչության որ մասն է անվավեր փաստաթղթով մասնակցել ընտրություններին: «Եթե 50 հազար է, մտահոգիչ է»,- ասաց նա: Ըստ Հարությունյանի` պետք չէ գնալ լրացուցիչ ցուցակների ճանապարհով, ինչը նախորդ փորձերը հաստատել են, որ պատուհաս է և անվստահության ամենամեծ աղբյուրներիցի մեկը: Նա նաև հայտարարեց. «Իմիջիայլոց, 1,5 տարի է` իմ անձնագիրն անվավեր է, փոխեմ, որ կարողանամ մասնակցել ընտրություններին»:
Լենա Նազարյանն ասաց, որ լրացուցիչը ցուցակներին դեմ դիտարկումն ընդունելի է, և կարող են դեռ քննարկել առաջարկը: