Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 11:50
Քաղաքական

Աշոտյանն ակնարկեց, որ հաջորդ վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ-ական

Աշոտյանն ակնարկեց, որ հաջորդ վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ-ական

Պարզվում է` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս տեղյակ չի եղել, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տալու: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նման բաները վարչապետը որևէ նախարարի տեղյակ չէր պահում:

 

«Կարծում եմ` բնական գործընթաց է` գալիս են ու գնում: Սահմանադրական գործընթացը մեր երկրում ենթադրում է, որ կառավարությունները կազմավորվում են և հրաժարական են ներկայացնում բացառապես քաղաքական մեծամասնության որոշմամբ»,-հայտարարեց Աշոտյանը:

 

Լրագրողների հարցին` արդյո՞ք կրկին տեսնում է իրեն կառավարության կազմում, Աշոտյանը պատասխանեց, որ իրեն տեսնում է ՀՀԿ-ում:

 

«Դա բավարար է, որ դուք ինձնից պրծում չունենաք: Ես տեսնում եմ մի շարք արժանավոր մարդկանց, որոնց քաղաքական մեծամասնությունը կարող է վստահել նոր կառավարության կազմավորումը և երկրի հետագա ծրագրերի մշակումն իրականացնել: ՀՀԿ-ն, հանդիսանալով երկրի քաղաքական առանցքը և ողնաշարը, իրեն կարող է թույլ տալ նման տեսակի շռայլություններ` նման տեսակի աշխատանք վստահել ոչ հանրապետական, բայց, այնուամենայնիվ, քաղաքական մեծամասնության մաս կազմող մարդկանց»,- ասաց նա:

 

Աշոտյանը նաեւ նշեց, որ խորին հարգանք ունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ, շատ բարձր է գնահատում այն հինգ տարիները, որ պատիվ է ունեցել աշխատել նրա կառավարությունում` որպես ԿԳ նախարար, հատկապես հաշվի առնելով այն ուշադրությունը, որ վարչապետն ուներ ԿԳ ոլորտի նկատմամբ:

 

«Իր հետ աշխատելը շատ հեշտ և դժվար էր, միաժամանակ: Հեշտ էր, քանի որ հնարավոր էր կոնստրուկտիվ, գործնական դաշտում խնդիրները քննարկել և լուծել, իսկ դժվար էր, որովհետև նա խորամուխ էր լինում բոլոր տեսակի հարցերի մեջ: Որքանով ես եմ տեղյակ` մեր երեկվա կուսակցական նիստի արդյունքը բուռն անակնկալ էր նաև քառյակի համար, և ես հասկացա, որ այն բոլոր թղթերը, որոնք գրել և ջնջել էին մոտակա ամիսների համար` քաղաքական գործողություններ, պլաններ, պետք է ուղղակի նետեն աղբարկղ, քանի որ ակնհայտ էր, որ իշխանությունը շատ ավելի հեռու է գնում իր ծրագրերով, քան քառյակի որոշ ուժեր փորձում են հասնել իշխանության ծրագրերին»,- ասաց ԿԳ նախարարը: