կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-12 14:04
Քաղաքական

Հայրենիքը բոլորի համար մեկն է. Արմեն Ռուստամյանն ակնարկեց առաջիկայում սպասվող վերանայումների մասին

Հայրենիքը բոլորի համար մեկն է. Արմեն Ռուստամյանն ակնարկեց առաջիկայում սպասվող վերանայումների մասին

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դարձյալ կրակել է Մարտակերտի և Հադրութի ուղղությամբ՝ հետախուզական նպատակով օգտագործելով անօդաչու թռչող սարքեր: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ստեղծված անդորրը հարաբերական է:

Ըստ պատգամավորի` Ադրբեջանը դեռ չի հանգստացել, որովհետև նրա ծրագրերը տապալվել են, և կարող է դարձյալ նախաձեռնել նոր գործողություններ ու սադրանքների դիմել սահմանին: «Մենք հիմա շատ ավելի զգոն պետք է լինենք, որովհետև Ադրբեջանը փորձելու է մեր զգոնությունը ստուգել" Չի բացառվում, որ նոր գործողություններ էլ սկսեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս դժվար իրավիճակում Սերժ Սարգսյանը խորհրդակցում է իր կոալիցիոն գործընկերոջ հետ: Արմեն Ռուստամյանը դրական պատասխան տվեց` նշելով, որ, բնականաբար, պարբերաբար միմյանց հետ խորհրդակցում են:

Իսկ թե ի՞նչ քայլեր են առաջարկվում` իրավիճակից դուրս գալու համար, պատգամավորը նշեց, որ հիմնական երկու ուղղությամբ պետք է աշխատել՝ ամրացնել դիրքերը՝ արագ գործողությունների ծրագիր կազմելով, և դիվանագիտական աշխատանքներ իրականացնել՝ փաստելու համար Ադրբեջանի ագրեսոր լինելու հանգամանքը և հետո սանձելու նման ագրեսորին:

Ռուստամյանը չբացառեց, որ առաջիկայում ԵԽԽՎ-ում նման քննարկումներ կընթանան:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ականջալուր կլինի Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կոչին՝ կանգնեցնել պաշտոնյաների կողմից իրականացվող թալանը, զինել բանակը, պատգամավորը նշեց, որ նման կոչեր բազմիցս են եղել, պարզապես բոլորը պետք է հասկանան, որ հայրենիքը բոլորի համար մեկն է, և «եթե դու չես կերակրում քո բանակը, ստիպված ես կերակրել թշնամու բանակը»:

«Բոլոր մեծահարուստները պետք է հասկանան, որ իրենց ունեցածը կարող է զրոյի վերածվել, եթե հայրենիքը չպաշտպանվի: Այսօր մենք տեսնում ենք, որ հայրենիքը առաջնագծում պաշտպանում են  հիմնականում անապահով խավերի ներկայացուցիչները, զավակները: Սա բոլորի համար պետք է դաս լինի, ահազանգ լինի հենց այդ անձանց համար, որ ամեն մի լուման պետք է ուղղել բանակի պաշտպանունակության բարձրացմանը: Սերունդների կյանքն ապահովվում է ոչ թե դիզված հարստությամբ, այլ պաշտպանությամբ»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ լուրջ վերանայումներ են կատարվելու առաջիկայում: