Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Սպուտնիկ» մամուլի ակումբում «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով Երևան–Մոսկվա–Բաքու տեսակամուրջ-քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Հայաստանից` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Ադրբեջանից` Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը, Ռուսաստանից` փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վլադիմիր Լեպյոխինը:
Վերջինիս խոսքով կա երկու հասկացություն` խաղաղության պարադիգմ և պատերազմի պարադիգմ: Պատերազմի պարադիգմը ենթադրում է ՆԱՏՕ-ի կամ Արևմուտքի դերակատարության ուժեղացում և հակամարտության լուծում ռազմական ճանապարհով: Մինչդեռ խաղաղության պարադիգմը, որով էլ հետաքրքրված է Ռուսաստանը, ըստ Լեպյոխինի, Ադրբեջանի ինտեգրումն է ԵԱՏՄ-ին, այլ ոչ թե ՆԱՏՕ-ին, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների սերտացում` որպես Ռուսաստանին բարեկամ երկու պետություններ, և Ռուսաստանը կարող է այս պայմաններում հանդես գալ որպես խաղաղության երաշխավոր ու միջնորդ;
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ ոչ թե Հայաստանը և Արցախը, այլ Ադրբեջանն է սկսել հայտարարել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին` առանց թաքցնելու, որ զինվում է միայն այդ նպատակով: Հետևաբար, նման պայմաններում դժվար է խոսել խաղաղության պարադիգմի մասին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդությանը, պատգամավորի խոսքով, դա արդեն ոչ թե Ռուսաստանի իրավունք է, այլ պարտականությունը, և կարևոր է, որ Ադրբեջանը հրաժարվի հակամարտության լուծման ռազմական եղանակից:
«Առաջարկում ենք բանակցային սեղանի շուրջ նստել Արցախի հետ: Գուցե ձեզ համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել Արցախի հետ, իսկ մենք կնպաստենք բանակցային գործընթացին: Կարող է դուք այնպիսի պայմաններ առաջարկեք արցախցիներին, որ նրանք հաճույքով մտնեն Ադրբեջանի կազմի մեջ: Համենայն դեպս, չեք հիշեցնի, որ Սաֆարովը ձեր հերոսն է, կամ հերոսի կոչում եք տվել զոհերի մարմինները խոշտանգող հանցագործին»,- հեգնեց Խոսրով Հարությունյանը: