կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-09 13:39
Քաղաքական

Վլադիմիր Գասպարյանն ակնարկեց գողականների կապերի մասին

Վլադիմիր Գասպարյանն ակնարկեց գողականների կապերի մասին

Այսօր Հաղթանակի զբոսայգում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Հայաստանում հանցագործությունների թիվը հունվար ամսից աճել է, և դա արդյո՞ք հետեւանք է այն բանի, որ ոստիկանապետը դիրքերը զիջել է, ասաց. «Ես զիջող մարդու նմա՞ն եմ»:

 

Իսկ դիտարկմանը, թե ակնհայտ սրվել է հանցավորության վիճակը Հայաստանում,  պատասխանեց. «Դուք, մեղմ ասած, ճիշտ չեք: Մտեք մեր կայք, հետևեք սխոդկաներին և կտեսնեք, որ չեք տիրապետում իրավիճակին: Աղմկահարույց սպանությունները բացահայտվում են իրար վրա: Դուք չեք տիրապետում իրավիճակին: Դուք սենսացիոն բաների հետևից եք ընկնում, դա սխալ մոտեցում է»:

 

Խոսելով քրեական հեղինակությունների միջև պայքարի ուժեղացման մասին` Գասպարյանն ասաց. «Բոլոր ժամանակներում քրեական հեղինակությունների` գողականների պայքարը եղել է և կա: Ուղղակի բանն այն է, որ այստեղ կապեր կան, և դրանով դառնում է աղմկահարույց»:

 

Ճշտող հարցին, թե ի՞նչ կապերի և ի՞նչ մարդկանց մասին է խոսքը, նա այդպես էլ չպատասխանեց:

 

Հարցին, թե ոստիկանական համակարգում փոփոխություններ չե՞ն սպասվում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ ոստիկանական համակարգն իր տեղում է, բարեփոխումներ միշտ են լինում, ոստիկանական համակարգն այնպիսին է, ինչպիսին կա, և սա ճիշտ մոդել է, այս մոդելի շրջանակներում դուրս են քաղաքականությունից, դա գալիս է օրենքից: «Մենք վերկուսակցական կառույց պետք է լինենք: Այդ ամենը ստացվում է շատ ավելի, քան երեկ էր ստացվում, վաղը կստացվի շատ ավելի, քան այսօր»,- ասաց նա: