կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 12:03
Քաղաքական

Աշոտյանն իրավասու չէ իշխանությունների անունից վերլուծություններ անել. ԲՀԿ-ական պատգամավոր

Աշոտյանն իրավասու չէ իշխանությունների անունից վերլուծություններ անել. ԲՀԿ-ական պատգամավոր

ԱԺ-ն պետք է տեղյակ լիներ, որ պետությունը պարտք է կուտակում, դա պետք է քննարկվեր գոնե խմբակցությունների փակ նիստով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը` խոսելով գազի գնի հետ կապված երեկվա խորհրդարանական լսումների մասին:

 

Ըստ նրա` ԱԺ-ից մի շարք կարևոր հարցեր գաղտնի պահելով` մի փաստի առաջ ենք կանգնում, որ ԱԺ-ի դերը սկսում է նվազել, այսինքն` խախտվում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը իշխանության թևերի միջև: «Սեպտեմբերի 3-ից առաջ էլ, երբ ՀՀ նախագահը Մոսկվայում ամբողջ երկրի անունից հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, կրկին ԱԺ-ն բացարձակ տեղյակ չէր նախագահի քայլերից»,- ասաց պատգամավորը:

 

Վահան Բաբայանը համարում է, որ կառավարությունը պետք է բաց քաղաքականություն վարեր, պետք է ազնվորեն բարձրաձայներ, որ խնդիր կա, որ չի կարողանում բանակցել ու համաձայնության գալ ռուսական կողմի հետ, ու չպետք է վախենային, որ, այդ խնդիրը բարձրաձայնելով, կարող են ընտրություններին ավելի քիչ ձայն հավաքել: Պատգամավորը վստահ է` կառավարությունը թաքցրել է, որովհետև վախենում էին ընտրությունների արդյունքներից: Նրա խոսքով` զարգացած երկրներում նման իրավիճակներում շատ ավելի լուրջ կառավարություններ են ներկայացրել հրաժարականներ:

 

Պատասխանելով դիտարկմանը, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով` քաղաքական գիծը նույնն է, ուրեմն` ինչ իմաստ ունի կառավարության հրաժարականը, Վահան Բաբայանը նշեց. «Պարոն Աշոտյանը իրավասու չէ իշխանությունների անունից նման վերլուծություններ անել, կան այլ քաղաքական գործիչներ, որոնք ավելի լավ կարող են անել այդ վերլուծություններ, քան հիշյալ գործիչը»: