|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց ճանապարհատրանսպորտային տուգանքներին անդրադարձով և համապատասխան հանձնարարականով: Նա նշեց, հատկապես, որ տուգանքների հարցը ժողովրդի շրջանում դառնում է դժգոհությունների և բողոքների պատճառ, ուստի առաջանում են հարցեր` որքանո՞վ են արդարացի նշանակված տուգանքները, համաչա՞փ են, արդյոք, մեր օրենսդրությանը, միջազգային պրակտիկայում այդ ուղղությամբ ինչպիսի՞ փորձ կա, կարելի՞ է դա կիրառել Հայաստանում և այլն:
Վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին և նախարար Հրայր Թովմասյանին` համատեղ աշխատել և պատրաստել որոշման տեքստ` այս հարցերի պատասխանը տալու համար:
Ձեռնարկվելիք քայլերի իրականացման առումով Հրայր Թովմասյանը ասաց, որ 1-2 ամիսը բավարար կլինի, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում կազմվի առկա խնդիրների վերաբերյալ, իսկ եթե լինի օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն, ապա 1 ամիս կպահանջվի: «2-2,5 ամիսը, կարծում եմ, լրիվ բավարար է»,- նշեց նա:
Վարչապետը հանձնարարեց, որ, բացի կառավարությունից և արդարադատության նախարարություններից, աշխատանքներին մասնակցեն նաև մնացած շահագրգիռ կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները: