Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ հրավիրած ասուլիսին՝ համարելով, որ ինքն իր ներկայացրած 100 փաստով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանել, և որ տարեվերջյան ասուլիսում ևս 100 փաստ պիտի ներկայացվի «նոր Հայաստանի» մասին: Նաև, դիմելով կառավարության անդամներին, նշեց, թե ակնկալում է, որ իրենց աշխատանքի արդյունավետության տեմպն ավելի բարձր կլինի:
«Խորհրդարանն ընդունել է կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքը, և առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունները պիտի կյանքի կոչենք, բայց այդ գործընթացը որևէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը, այսինքն՝ առօրյա աշխատանքում ոչ մի բան չպետք է փոխվի: Առաջիկայում մեր ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է, պետք է կարողանանք լիարժեք ապահովել ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլև այն 62 միլիարդ դրամը, որը գեներացվում է հավելյալ՝ որպես բյուջեի եկամուտ, պետք է այդ միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնենք: Ես արդեն հանձնարարություն եմ տվել, և 30 միլիարդի հետ կապված, կարծես, կողմնորոշվել ենք և ևս 30 միլիարդի հավելյալ ծախսեր պիտի պլանավորենք, ինչը պիտի անենք արագ, բայց նաև լուրջ քննարկումներ պիտի լինեն: Ճանապարհաշինության ոլորտում շատ կարևոր գործընթացներ պիտի սկսվեն մայիսի 15-ից: Հույս ունեմ, որ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի: Եվ պետք է պայմանավորվենք՝ այն պատմությունը, որն ունեցել ենք Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածում, չպետք է ունենանք: Ես նույնիսկ մտածում եմ օրենսդրական փոփոխության վրա, որ եթե մեկն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում, պետք է մտածել, թե պետությունն իր շահերը պաշտպանելու ի՞նչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ քրեական պատասպանատվության նախատեսումը: Մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ, որ մի գործը մի քանի անգամ անենք»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև գազալցակայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հետ կապված խնդիրներին՝ վստահեցնելով, որ օրենսդրական համապատասխան փոփոխություն անում են` սպառողների պաշտպանության շահերից ելնելով, որ դա չի կարող գազի գնի վրա ազդել:
«Բայց, պարո'ն Ջանջուղազյան, համոզվա՞ծ ենք, որ ճիշտ բանաձև ենք ընտրել, երբ նույն խորանարդը մետրը տրանսֆորմացրել ենք կգ-ի, այսինքն՝ այն ժամանակ ինչ արժեր 1 կգ գազը և հիմա, քանի որ նախկին օլիգարխներ, կլանների հայտնի անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ նրանք իրենց հոտառությունը չեն կորցրել, եթե կորցրել են, պետք է շատ արագ վերականգնել: Եվ երրորդը` համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»,- հարցրեց Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց՝ փոխոխությունն ակցիզային հարկին է վերաբերել: «Խոսքը վերաբերել է միայն չափման միավորի փոփոխությանը և ոչ թե գումարի: Եթե նախկինում կիրառվում էր խորանարդ մետրով, և դա տարբեր պայմաններում կարող էր տարբեր քաշ ունենալ: Այդ քաշի պայմաններում նախկինում եղած գինն այլ հավասար պայմաններում, եթե ելնում ենք նրանից, որ որևէ չարաշահում չի եղել նախկինում, չէր կարող անվանական արտահայտությամբ փոխվել»,- բացատրեց նախարարը:
Փաշինյանի մոտ հարց առաջացավ՝ գին փոխողը խոտովանում է, որ նախկինում սպառողին խաբե՞լ է: Արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը. «Այո, եթե տնտեսվարող սուբյեկտը նախկինում խաբել է, գինը 300 դրամից պակաս չի լինի, եթե չի խաբել՝ 275-ից, իսկ 250-ից 255 դրամի դեպքում նշանակում է, որ կիրառվում է դեմպինգային քաղաքականություն»:
Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայում էր ենթադրվում: Ըստ այդմ՝ սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինվում է 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը:
Նախատեսվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ:
Փոփոխությամբ նախատեսվում է պաշտպանել տրանսպորտային միջոցը սեղմված գազով շահագործող քաղաքացիների շահերն ու բարձրացնել ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը: