կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 15:04
Հասարակություն

Վարչապետը նախարարին հանձնարարեց առավելագույնս աջակցել Սիրիայում ապրող հայերին

Վարչապետը նախարարին հանձնարարեց առավելագույնս աջակցել Սիրիայում ապրող հայերին

Այսօր կառավարության նիստում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցեց Հալեպում տիրող իրավիճակի մասին: Նա նշեց, որ Սփյուռքի նախարարությունն ամենօրյա կապի մեջ է ՀՀ դիվանագիտական ծառայությունների և համայնքում գործող «Շտապօգնություն և վերականգնում» կազմակերպության հետ, որոնք հայերին ամենօրյա օգնություն են կազմակերպում:

 

«Ցավոք, վիճակն իրոք գնալով առավել վտանգվում է, քանի որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հալեպը մի քանի անգամ հայտնվեց շրջափակման մեջ. զինյալների հիմնական թիրախը դարձել են քրիստոնեական, մասնավորապես՝ նաև հայկական շրջանները»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` հիշեցնելով, որ վերջերս հրթիռակոծվեց հայկական եկեղեցին, և շարունակում են թալանվել ու պղծվել հուշարձաններ։

 

«Պայման է դրվում մեր հայրենակիցների առջև՝ հնարավորինս շուտ հեռանալ տարածքից: Խնդիրները հիմնականում երեք ուղղությամբ են զարգանում` մի մասը որոշում է կայացրել և տեղափոխվել է Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս գալու ճանապարհին է, իսկ մյուս մասը շարունակում է ապրել այդտեղ` չնայած դժվար պայմաններին: Խուճապային տրամադրությունն արդեն անցել է, որովհետև վերականգնվել են ջուրը, լույսը, էլեկտրաէներգիան, սակայն վերջին օրերին ռմբակոծության տակ է Դամասկոսի շրջանը, որտեղ հայերը քիչ են»,- տեղեկացրեց նախարարը` ընդգծելով, որ վերջին շրջանում Հայաստան է ժամանել մոտ երկու հարյուր սիրիահայ։

 

Նախարարը նշեց նաև, որ գումարել են միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ ևս մեկ անգամ հասկանալու, թե ինչ կարող են անել` մեր հայրենակիցներին աջակցելու համար:

 

«ՄԱԿ-ի հանձնակատարի հետ ևս հանդիպեցինք և ճշգրտեցինք, թե ինչպիսի հնարավորություններ կան սիրիահայերի օգնությունը Հայաստանում կազմակերպելու համար»,- ասաց նա:

 

Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև սիրիահայերի` Հայաստանում հանդիպած խնդիրների մասին: Նա առաջինը ընդգծեց բնակարանային վարձի հարցը։ «Եկողները երկու խմբի են բաժանվում` մի մասը մտածում է, որ արձակուրդներից հետո կվերադառնա Սիրիա, իսկ մյուս մասը եկել է` այստեղ հաստատվելու համար: Բնակվարձի հետ կապված` որոշակի առումով կարողացել ենք լուծումներ գտնել։ Երկրորդ խնդիրը կապված է աշխատանք գտնելու հետ: Մենք էկոնոմիկայի նախարարության հետ ակտիվացնում ենք փոքր բիզնեսին օգնություն ցուցաբերելու գործընթացը, ինչպես նաև նորեկների համար դասընթացներ անցկացնելու ծրագիրը։ Կաշխատենք, որ նրանց համապատասխան վարկեր տրամադրվեն»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է տեղում սիրիահայերին հոգեբանական և այլ օգնություն ցուցաբերելուն, ապա նախարարը նշեց, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ արտաքին գործերի նախարարն օրերս կմեկնի Սիրիա, ինչպես նաև պատգամավորներ կայցելեն, ինչը որոշ չափով օգնություն կլինի Սիրիայում ապրող մեր հայրենակիցների համար:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մաքսիմալ աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին: