Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանական մենաշնորհը ժամանակի ընթացքում առավել կատարյալ է դառնում: Վարչական գործերով վճռաբեկ դատարանին բողոք կարող են գրել միայն փաստաբանները: Այս տարվա հունվարի 7-ին ուժի մեջ է մտել Վարչական դատավարության նոր օրենսգիրքը, որի 154-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով»:
Իսկ 2012 թվականի հունվարին ուժի մեջ մտավ «Փաստաբանության մասին» նոր օրենքը, որի 5-րդ հոդվածով արգելվեց ոչ փաստաբաններին քաղաքացիական գործերով ներկայացուցիչ լինել` քիչ բացառություններով:
Թե արդյո՞ք շահել է քաղաքացին կամ հակառակը` այս իրավանորմերի ընդունման հետևանքով, զրուցեցինք փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանի հետ:
-Պարո'ն Գյոզալյան, նախ խոսենք այս վերջին փոփոխության մասին: Որքանո՞վ է ընդունելի այն, որ միայն փաստաբանները պետք է դիմեն վճռաբեկ դատարան (ՎԴ):
-Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծ էլ կար, որտեղ արդարադատության նախարարությունը վերաբերմունքի տարբերակում էր արել` մասնավորապես ասելով, որ վճռաբեկ բողոք պետք է բերվի միայն փաստաբանի միջոցով, բայց իրավաբանական անձանց դեպքում կարող է իրավաբանական անձը բերի իր իրավաբանի միջոցով: Ես դիմեցի Հրայր Թովմասյանին և հայտնեցի` դուք կատարել եք վերաբերմունքի տարբերակում, որը ողջամիտ և օբյեկտիվ չէ, ինչպեսև խտրական է: Եթե ձեր խնդիրը որակյալ վճռաբեկ բողոք ունենալն է, ապա թող բոլորը փաստաբանական խողովակով անցնեն: Եվ այս առումով սա մի քայլ առաջ է, քանի որ բոլորին է անցկացնում այդ խողովակով: Այս առումով խնդիր չեմ տեսել:
Բայց, գալով իրականությանը, երբ բազմաթիվ գործերով շփվում ենք վճռաբեկ դատարանի հետ, ապա ես զգում եմ, որ օրենքը մենք շուտ ենք ընդունել: Մինչև օրենքը ընդունելը պետք է ունենալ այնպիսի ՎԴ` իր դատավորներով, ովքեր պատկերացնում են իրենց դերը: Միգուցե պատկերացնում են, բայց սուբյեկտիվ շահն այնքան մեծ է, որ ակնհայտ է, որ այս արագ փոփոխվող աշխարհում չեն կարողանում այդ ազդակներին ադեկվատ պատասխանել: Օրինակներ ես ունեմ, երբ ՎԴ-ն բողոք է ընդունել վարույթ, որտեղ ես չեմ հասկանում, թե ինչու է ընդունել վարույթ, մյուս դեպքում` չի ընդունել, և ես չեմ հասկանում, թե ինչու չի ընդունել:
-Այդ դեպքում ի՞նչ տարբերություն, թե ով է տանում բողոքը, եթե, միևնույն է, չի հասկանալու` ինչու ընդունվեց վարույթ կամ չընդունվեց: Ես չեմ հասկանում ՎԴ-ի աշխատաոճի և օրենքի փոփոխության կապը:
-Դրա համար ես հարցը բաժանեցի երկու մասի` օրենքի ողջամտություն և հայկական իրականություն: Եթե մենք նայում ենք հայկական իրականությունից, ապա, ճիշտ եք ասում, ես էլ չեմ հասկանում: Եվ օրենքի փոփոխությունը հազիվ թե ինչ-որ էական առաջընթաց արձանագրի, որովհետև եթե մենք չգիտենք` ՎԴ-ն ինչ է անում, բացարձակ ոչ մի էֆեկտ չի տալու, թե ով է բերում բողոքը:
Ավելին` ես սրա մեջ նույնիսկ վտանգ եմ տեսնում: 1350 փաստաբան կա, որոնցից մոտ 600-700-ն են ակտիվ: Դուք պատկերացնո՞ւմ եք` էս դեպքում ի՞նչ գների մասին կարող է խոսք լինել: Եթե սրան էլ գումարենք մեր անբարեխիղճ փաստաբաններին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ պատկեր կունենանք:
-Այսինքն` կարող ենք ասել, որ որոշակիորեն սահմանափակվում է մարդու իրավունքը, քանի որ մարդը ՎԴ դիմելու համար պարտավոր է վճարել փաստաբանին, եթե նույնիսկ ինքը կարող է բողոք գրել:
-Ես կասեմ, որ կա Հանրային պաշտպանի գրասենյակ (ՀՊԳ), որը քաղաքացիական գործերով ևս որոշ կատեգորիայի մարդկանց տալիս է անվճար իրավաբանական օգնություն, և սրանով հարցը կփակենք: Սահմանադրական դատարանը «Փաստաբանության մասին» օրենքի 29.1 հոդվածի վերաբերյալ իր որոշման (ՍԴՈ-765) մեջ ասաց` քանի դեռ պետությունը մեխանիզմներ չի ստեղծել անձանց անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, ապա այդ ինստիտուտը հակասահամանդրական է:
-Օրենսդրության առումով, այո, այդպես է, բայց արդյո՞ք իրականությունը հակասահմանադրական չէ, երբ նշվում է ՀՊԳ-ի ծանրաբեռնված լինելու մասին, մյուս կողմից էլ այն, որ որոշ բնակավայրերում հանրային մեկ պաշտպան կա, և հավանական է, որ դատավարության երկու կողմն էլ կդիմեն հենց այդ նույն հանրային պաշտպանին: Առհասարակ, գուցե ոչ փաստաբանը կարող է ավելի լավ գրել այդ բողոքը:
-Վերջերս ընկերս զրույցի ժամանակ ասաց, որ Գերմանիայում դատավոր աշխատելու համար անհրաժեշտ է, որ կրթության միջին միավորը 13-ից բարձր լինի, և հաշվվում են առաջին դասարանից մինչև մասնագիտական կրթության ընթացքում ստացած գնահատականները: Ես հարցնում եմ` արդյո՞ք դա ճիշտ է, եթե հիշում ենք Էյնշտեյնի ֆենոմենը, ում ժամանակին նույնիսկ դպրոց չէին ընդունել: Այո, կարող է լինել քաղաքացի, որը շատ ավելի լավ գրի, քան փաստաբանը: Բայց օրենսդրի տրամադրությունը ընդհանուր միջինացվածը հիմք ընդունելն է, չի կարող անձերին բացառություն անել:
-Այո, բայց կարելի է բացառություն անել իրավաբաններին: Եթե մարդն իրավաբան է և կարող է ինքնուրույն դիմել դատարան, ինչո՞ւ վճարի մեկ այլ մասնագետի:
-Մենք մեխանիզմ ունենք` փաստաբանների որակը պահելու համար: Եթե փաստաբանը չի անցնում 42 ժամ պարտադիր դասընթաց, կարգապահական վարույթ է հարուցվում: Այսինքն` պետությունն ունի այդ չափանիշը, իսկ իրավաբանի դեպքում ինչպե՞ս իմանալ` նա կատարելագործված է, թե` ոչ: Օրինակ` մի իրավաբան մասնավոր բուհն ավարտում է, տարիներով չի զբաղվում իրավաբանությամբ և մի օր քաղաքացու շահերն է սկսում պաշտպանել: Մենք խնդիր ունենք:
-Բայց արդյո՞ք հնարավոր չէ մեխանիզմներ մշակել:
-Կան դրանք, որոնցով մենք, քիչ թե շատ, կարող ենք համոզված լինել, որ փաստաբանները գիտակ են իրենց գործում: Եթե դուք ասեք, որ գիտեք փաստաբանի, որը պրակտիկայում խայտառակ է գործում, քան մեկ այլ իրավաբան, ես ձեզ չեմ հերքելու, միանշանակ համաձայն եմ: Բայց օրենսդրորեն մեխանիզմներն այս են, պետությունը գիտի, որ փաստաբանը պատրաստվում է, բայց իրավաբանը պատրաստվում է, թե չի պատրաստվում, ոչինչ չգիտի նրա մասին:
-Այսինքն` Դուք կողմ եք փաստաբանների մոնոպոլիային:
-Ես երկու կարծիք ունեմ: Որպես փաստաբան` կարծում եմ, որ պետք է գնայինք դրան, որ միայն փաստաբանները դատական ներկայացուցչություն անեն, և ոչ թե փաստաբանի մենաշնորհը պահելու և նրա գումար աշխատելու, այլ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար եմ ասում: Բայց մենք շուտ գնացինք դրան: Պետք է համոզված լինեինք, որ մենք ունենք այդ որակյալ փաստաբանական համայնքը:
-Փաստորեն, ներկայումս փաստաբանական համայնքը չի կարողանում բավարար որակ ապահովել:
-Փաստաբանական համայնքը շուկայում գոյություն ունեցող կառույցներից մեկն է, որը կարող է ապահովել որակյալ ծառայություններ, սակայն կան անբարեխիղճ փաստաբաններ, և պետք է ինքնամաքրվել: Բայց ասել, որ չի ապահովում, ես այդպես չէի ձևակերպի: Եթե հանում ենք անբարեխիղճ և արտոնագիր ունեցող, սակայն պասիվ փաստաբաններին, ապա տեսնում ենք, որ փաստաբանական համայնքը պետք է աճի, 1360-ը պետք է 2000, 3000 դառնա, որ կարողանա ապահովել բնակչության պահանջները:
Հարցազրույցը` Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
Հ.Գ. Նշենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակը քաղաքացիական գործերով սկսել է զբաղվել միայն այս տարվանից, այն դեպքում, որ փաստաբաններին մենաշնորհ տրվել էր երկու տարի առաջ: Փաստորեն, երկու տարի շարունակ անվճարունակ անձանց դատական պաշտպանության իրավունքները վտանգի տակ են եղել: