կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 14:41
Հասարակություն

Դեղատոմսերը՝ ռուսերենով, ոլորտում՝ մենաշնորհ

Դեղատոմսերը՝ ռուսերենով, ոլորտում՝ մենաշնորհ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և հարակից նախագծերի փաթեթն ընդունելու հարցը, որը ներկայացնում էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Նա նշեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանում դեղերի շրջանառության` գործող կարգավորման անբավարարությամբ, ուստի կարիք է առաջացել օրենքի մակարդակով սահմանել ոլորտի առավել կարևոր հասկացությունները և դրանց ներդրման հիմնական մեխանիզմները: Նախագծով առաջարկվում է հիմնական հասկացությունների ավելի համապարփակ ցանկ, որոնք թվով 54-ն են:

Կարգավորում կիրականացվի դեղի հենակետային գնի, դրա նկատմամբ մեծածախ և մանրածախ առավելագույն գին սահմանելու միջոցով: Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորում կիրականացվի` ըստ դեղի համընդհանուր անվան: Դեղերի գների պետական կարգավորման նպատակով կստեղծվի դեղերի գների պետական կարգավորման հանձնաժողով: Օրինագծով սահմանվում են նաև դեղերի ստեղծման նախակլինիկական և կլինիկական փորձարկումների ներկայացվող պահանջները:

«Սահմանվելու են կլինիկական փորձարկումների թույլտվության, մերժման, դադարեցման ընթացակարգերը, փորձարկողների իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծվող էթիկայի հանձնաժողովի լիազորությունները, առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի իրավասությունները, փարձարկուների ներկայացվող պահանջները, սահմանափակումները»,- ասաց փոխնախարարը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ, 1998թ.-ից սկսած, դեղերը նույն կերպ են ներմուծվել, ինչպես կոնֆետներն ու կոշիկը: «Գնային ազդեցությունը կփոխվի՞, կունենա՞նք գների աճ, որոնք այս սոցիալական վիճակում հեչ անհրաժեշտ չեն մեզ, առանց այն էլ՝ դեղերի գները բավական բարձր են»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը պատասխանեց, որ լիցենզավորող հանձնաժողովները ռիսկային չեն, ԱՆ-ն ուզում է վստահ լինել, որ դրանք ապահովելու են բավարար չափորոշիչները: Ինչ վերաբերում է դեղորայքի թանկացմանը, ապա Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց. «Գների վրա ազդեցություն թողնել չի կարող»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ առողջապահության նախարարության հիմնական նպատակը պետք է լինի դեղերի մատչելիության ապահովումը, որը, սակայն, հակադարձում է վարվող քաղաքականությանը: «Մի կողմից` դուք սահմանում եք հենակետային գին՝ հիմնական դեղերի հետ կապված, մյուս կողմից՝ դեղերի վաճառքով զբաղվողներին օժտում եք նոր ծախսերով: Այս պրոցեսում մտավախություն չունե՞ք, որ սրա արդյունքում կլինի մոնոպոլացում: Դեղի վաճառքով զբաղվողի ծախսերը մեծանում են, եկամուտները` քչանում, նշանակում է, որ զարտուղի ճանապարհներ պետք է լինեն: Հիմա դուք ասում եք՝ 5 տարին մեկ արի` դեղը գրանցի, ինչի՞ համար»,- հարցրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց նաև ոլորտում հայերենով գրառումներ չկատարելու խնդիրը: «Բժիշկի մոտ ես գնում, ռուսերեն են դեղատոմս գրում: Մի բան արեք, որ եթե հայերեն չեն գրում, 500 հազար դրամ պետք է տուգանել: ՀՀ քաղաքացին սոնոգրաֆիա է անում, ռուսերեն են գրում, ինչի՞»,- հարցրեց նա:

Փոխնախարարը համաձայնեց, որ բժիշկները շատ դեպքերում ռուսերենով են գրում: Ինչ վերաբերում է պատգամավորի դիտարկմանը, թե սա հանգեցնելու է մենաշնորհի, Սերգեյ Խաչատրյանը չհամաձայնեց: «Չեմ կարծում, որ սա բերում է մենաշնորհի: Դաշտը բացարձակ ազատականացված է: Դեղերի ոլորտում մենաշնորհ ասվածը դժվար է պատկերացնել: 1500 ակտիվ նյութ կա, կան տասնյակ դեղեր այս նյութերի վրա, ու դեղ ներմուծողները նույն ակտիվ նյութով կարող են տասնյակ դեղեր ներմուծել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանին պատասխանը չբավարարեց՝ նա կրկին հարցրեց՝ սա չի՞ հանգեցնելու դեղերի գների թանկացմանը: Անդրադառնալով հայերեն գրառումներին` պատգամավորը նշեց, որ բժիշկը պարտավոր է հայերեն լեզվով գրել:

«Դրանով տեղեկատվության մատչելիություն է ընդամենը լուծվում: Բոլոր ձևերը, հաստատված հայերենով, կան»,- պատասխանեց փոխնախարարը: