Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, երբ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց դիրքորոշումները` էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ստեղծված վիճակը վերլուծեց քաղաքական տեսանկյունից` այսօր, երբ երկրում առաջանում են սոցիալական հնչեղության սուր հարցեր, դրանք ցույց են տալիս համակարգի ողջ սնանկությունը, և ականատեսն ենք լինում փլուզվող տնտեսության:
Ըստ Արմեն Ռուստամյանի` բնականաբար, իշխանություններն այսօր կարիք ունեն ֆինանսական միջոցների, և այդ միջոցները հայթայթելու երկու աղբյուր ունի`ժողովրդից կորզել, ինչ հնարավոր է, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է աղքատության 75-80 տոկոսի, և երկրորդ աղբյուրը` դրսից պարտքեր վերցնել, ինչի հետևանքով 4 անգամ մեծացել է Հայաստանի արտաքին պարտքը: Ունենք էներգետիկ համակարգ, որը պետք է տնտեսության շարժիչ ուժը հանդիսանար, բայց այդ համակարգը իր այդ դերը կորցնում է:
«Ժամանակին էներգիայի արտահանող ենք եղել, և հիմա սա էլ է հարվածի տակ: Սրանից բխելու են լուրջ հետևանքներ տնտեսության համար, այսինքն` լուրջ խնդիր կա, ուստի տնտեսությունը պետք է փրկել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով` քառյակի փաստարկները, որոնք ներկայացվեցին երեկ ՀԾԿՀ նիստոմ, այնքան հիմնավոր էին, որ պետք էր հետաձգել որոշման կայացումը, բայց չհետաձգեցին, որովհետև վերևից պատվեր կար: Այդ հանձնաժողովը պատվերից կդառնա անկախ, եթե իսկապես այդ անկախությունն ապահովվի, ահա` ինչու ընդդիմությունը պահանջում է, որ այն տրվի ընդդիմությանը:
«Այդ դեպքում ընդդիմությունը այնպիսի առաջարկություններ կներկայացնի, որոնք բխում են հասարակության շահերից և կախված չի լինի իշխանություններից, կկարողանա հակադրվել կենտրոնական իշխանություններին: Մենք լուրջ խնդիր ունենք` քաղաքական համակարգը առողջացնելու ու փոխելու առումով, հակառակ պարագայում` ականատեսն ենք լինելու հասարակության շահի կոպտագույն խախտումների»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ըստ պատգամավորի` ՀԾԿՀ-ն, ըստ էության, իր դերի մեջ չէ և չի կատարում օրենքով ու Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները, որովհետև 31-1 հոդվածը սպառողների շահերի մասին հստակ ասում է, թե ինչ է պետք անել` օրենքը շատ հստակ սահմանում է, որ հանձնաժողովի գործունեության նպատակը պետք է լինի` ապահովել հավասարակշռություն սպառողների և տնտեսվարող սուբյեկտների միջև, բայց նման գործառույթ մինչ հիմա ոչ ոք չի տեսել: Ընդհակառակը` միշտ սպառողի շահը ստորադասվել է մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտների շահերին: Հետևաբար, լուրջ բաց կա, որը պետք է կարգավորել:
«Մեր կարծիքով` հիմք կա դիմելու ՍԴ օրենքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Օրենքը պետք է հստակ սահմանի, որ պետք է գերակա համարվի հասարակության շահը, այդ գերակայությունը օրենքով լիարժեքորեն սահմանված չէ: Երբ պետք է լինում մարդկանց տները քանդեն ու ինչ-որ կառույցներ կառուցեն, այդ գերակա շահն աշխատում է, բայց երբ պետք է իսկապես հասարակության գերակա շահը գործի բոլոր հիմնարար պրոցեսների մեջ, անտեսվում է այն, իսկ մարմինը, որը կոչված է այն ապահովել, չի կատարում իր գործառույթները»,-ասաց Արմեն Ռուստամյանը: