Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հանդուրժել, եթե չասենք՝ հովանավորել հակամրցակցային, եթե կուզեք՝ հակաօրինական մի գործընթաց, որի իրագործման արդյունքում նոր Հայաստանում հերթական մենաշնորհն է ձեւավորվելու։ Խոսքը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման մասին է: Նախորդ ամռանը Տիգրան Ավինյանը նախընտրական խոստումներ էր շռայլում, թե քաղաքակիրթ համակարգ են բերում Հայաստան․ հասարակական տրանսպորտից օգտվելիս մեր քաղաքացիներն այլեւս կարող են անկանխիկ եղանակով նաեւ վճարել, քանի որ երթուղայիններում վալիդատորներ` վճարային տերմինալներ կտեղադրվեն, ինչպես նաեւ՝ միասնական տոմսային քարտեր կգործեն՝ QR կոդով, եւ այլն։ Չնայած այդ համակարգի ներդրման ծիլերը դրվել էին դեռեւս Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ աշխատելու շրջանում․ 2022-ի նոյեմբերից մրցույթ էր հայտարարվել՝ հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման եւ ֆինանսական օպերատոր ընտրելու համար, սակայն գործընթացը, նախընտրական եւ քաղաքական պատճառներով, ամբողջությամբ իր վրա «քաշեց» Տիգրան Ավինյանը, ով նույն տարվա սեպտեմբերից արդեն դե ֆակտո քաղաքապետ էր աշխատում՝ նշանակվելով Հրաչյա Սարգսյանի տեղակալ։
Ինչեւէ, հայտնի է, որ տերմինալների համար հայտարարված բաց «մրցույթում» հաղթել է «Թել Սել» ՓԲ ընկերությունը, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մրցույթի միակ մասնակիցն է եղել, սակայն տեղեկություններ կան, որ նաեւ Ամերիաբանկն է այդ ժամանակ հետաքրքրություն դրսեւորել, բայց իշխանությունները մերժել են, ու, փաստացի, արդյունքում մեկ ընկերություն է հայտ ներկայացրել։ Ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ պայմանագիրը կնքվել է 2023 թվականի հունվարին։ Համայնքային իշխանությունն ուղեվարձի վճարման 5 տարբերակ էր առաջարկել՝ բանկային քարտ, բջջային հավելված, բջջային հեռախոսի NFC գործիք, մշտական օգտագործման MIFARE քարտային կրիչներ, թղթային QR code տոմսային եղանակով։ Փաստացի, այս պահի դրությամբ, խոստացվածից միայն երկուսն է իրականացվել՝ բջջային հավելված եւ թղթային QR code։
«Թել Սել» ընկերությունն առայժմ միայն վալիդատորներ է տեղադրել համայնքին պատկանող ավտոբուսներում, մետրոյի որոշ կայարաններում։ Ուստի բոլոր հիմքերը կան` լուծելու ընկերության հետ կնքված պայմանագիրը, որտեղ սեւով սպիտակի վրա նշվում է, որ պայմանագրի մեկնարկի օրվանից 9 ամսվա ընթացքում «Թել Սել» ընկերությունը պարտավորվում է «տոմսային համակարգի ամբողջական գործարկում» իրականացնել, ինչպես նաեւ «վերգետնյա առկա շարժակազմերի եւ մետրոպոլիտենի կահավորում` նախատեսված բոլոր սարքավորումներով», ինչը փաստացի չի արվել: Պայմանագրի մեկնարկից 1 տարի 2 ամիս է անցել, սակայն միասնական տոմսային համակարգը չի գործում, մրցույթը շահած միակ ընկերությունը պայմանագրով պարտավորված պարտականությունների՝ ընթացակարգային համապատասխանեցում չի իրականացրել, այնպիսի սարքեր չեն տեղադրվել ավտոբուսներում, այլ փոխադրամիջոցներում, որպեսզի հնարավոր լինի նաեւ բանկային քարտերով եւ հեռախոսային այլ հավելվածներով էլ վճարումներ կատարել։ Այսինքն, բոլոր հիմքերը կան՝ լուծելու պայմանագիրը, սակայն Տիգրան Ավինյանը ոչ միայն չի գնում դրան, քանի որ այդ դեպքում պարզ կդառնա, որ խաբել են երեւանցիներին, իրենց, այսպես կոչված, ռեֆորմը տապալված է, այլեւ քաղաքապետարանը հանձնարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին` հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչել գործընթացը։ Գրիգորյանն ի սկզբանե այս գործարքի կուրատոր էր նշանակվել, հիմա էլ փորձում է Կենտրոնական բանկի պաշտոնյաների հետ բանակցություններում սեղմ ժամկետներում գլուխ բերել այդ համապատասխանեցման գործընթացը, որպեսզի ԿԲ-ն խոչընդոտներ չառաջացնի, եւ «Թել Սել»-ի համակարգերը հնարավորություն ստանան վճարումներ ընդունել նաեւ բանկային այլ քարտերից ու հավելվածներից։
Սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ ԿԲ-ն առանձնապես խանդավառված չէ գործընթացից, բանն այն է, որ քաղաքապետարանի եւ հիշյալ ընկերության միջեւ կնքված պայմանագիրը բազմաթիվ խութեր է պարունակում։ Բացի այն, որ վճարահաշվարկային օպերատորին մենաշնորհի հնարավորություն է տրվել, քանի որ միայն այս համակարգի միջոցով է հնարավոր տրանսպորտային տոմսեր գնել, սակայն ամենագլխավորը՝ իրավունք է տրվել տնօրինել համայնքային գումարները։ Կողմերի միջեւ կնքված պայմանագրով պարզվում է՝ տոմսերի համար կատարված վճարումները միանգամից չեն փոխանցվում համայնքային բյուջե, այլ 7 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն՝ ընկերությունը կարող է միլիարդավոր գումարներ տնօրինել, դրանից գերշահույթ ստանալ եւ միայն յոթերորդ օրը փոխանցել համայնքային բյուջե, այն էլ՝ միայն այն գումարները, որոնց համար քաղաքացուն ծառայություն է մատուցվել։ Դիցուք՝ քաղաքացին կարող է մեկ ամսվա համար տոմս գնել, բայց ընդամենը 15 օր օգտվել տրանսպորտից, միայն այդ օգտագործված տոմսի գումարն է փոխանցվելու համայնքային բյուջե, ի՞նչ է արվելու գումարի մյուս մասը` պայմանագրով չի հստակեցվում։
Մասնագիտությամբ իրավաբան Սուրեն Գրիգորյանի կուրացիայի ներքո կայացած այս գործարքում բազում նման խութեր կան: Ասենք, պայմանագրի լուծման դեպքում, ըստ պայմանավորվածության, ներդրված համակարգերն անհատույց փոխանցվում են քաղաքապետարանին: Հիմա բջջային հավելվածով տոմս գնելու համար ներդրվել է «Թել Սել» բջջային հավելվածը, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այն եւս անցնելու է քաղաքապետարանին։
Այդուհանդերձ, իշխանական շրջանակներում համոզված են՝ անգամ եթե համակարգը գործարկվի, պարզվելու է, որ նախատեսվածի նման չի աշխատում, ու ակնհայտ է լինելու, որ այն մարդիկ, ովքեր ի սկզբանե գործընթացի պատասխանատու-«քավոր» են նշանակված եւ կիսատ-պռատ համակարգի հանձնում-ընդունումն են իրականացնելու, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այստեղ նկատի ունեն Սուրեն Գրիգորյանին»։