Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մշակույթի նախարարություն. իմ խորին համոզմամբ` այս կառույցի դերը պետք է լինի ստեղծել մթնոլորտ, որտեղ ստեղծագործող մարդն իրեն հարմար կզգա, ասել է, թե` կնպաստի ստեղծագործողի գործունեությանը: Ասում են` ստեղծագործողը պետք է ազատ միտք ունենա, լինի անկախ, ուստի` նախարարությունը պետք է, եթե չի էլ նպաստում նրա` անկախ լինելուն, գոնե չպետք է խանգարի: Հասկանում եք` ֆինանսական աջակցության մասին չեմ էլ խոսում, ինչի բացակայությունից անընդհատ բողոքում է նախարարությունը, խոսքը` պարզ, մարդկային, մշակութային մթնոլորտի մասին է` էդ էլ հո փողով չէ՞: Ասածս երևի ռոմանտիկայի ժանրից է, չէ՞, երբ խոսքը մեր մշակույթի նախարարությանն է վերաբերում:
Մշակույթի նախարարը սիրում է մտավորականներին կանչել իր մոտ. թվում է` գովելի արարք է, դրանից էլ լավ բա՞ն: Նախարարը միգուցե կանչում է նրանց և զրուցում մշակութային հարցերի շուրջ, հարցնում ստեղծագործական ընթացքի մասին, մշակութային մթնոլորտի զարգացմանը նպաստող հարցեր քննարկում, ընդունում մտավորականների առաջարկները… Կներեք, շեղվեցի, էլի ռոմանտիկայի ժանրը պատեց ինձ: Ի՞նչ էի ասում` հա, մշակույթի նախարարը սիրում է մտավորականներին կանչել իր մոտ, բայց միայն նրանց «բախտն է բերում», ովքեր ինչ-ինչ առիթներով փորձել են ազատ արտահայտվել` կարևոր էլ չէ` ճի՞շտ, թե՞ սխալ, բայց ասել այն, ինչ իրենք են մտածում, ինչ իրենք գիտեն… Նախարարին դուր չի գալիս մտավորականը, ով ազատ է արտահայտվում, նա խիստ հավանում է նրանց, ովքեր արտահայտվում են այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Ի դեպ, եթե որոշել եք մշակութային ոլորտ մտնել, նախապես պետք է իմանաք, որ հասարակությանը հուզող հարցերի հետ կապված քաղաքացիական դիրքորոշում ևս չպետք է ունենաք և ինչ-ինչ ակցիաների մասնակցեք, թե չէ` կրկին նախարարի մոտ զրուցելու կկանչեն:
Բավական է հիշել միայն /ինչն, ի դեպ, երբեք չի մոռացվի/ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հանդեպ Հասմիկ Պողոսյանի վերաբերմունքը. Ծատուրյանը 2013-ին հարցազրույցներից մեկում քննադատել էր իշխանություններին և մասնավորաբար` կաթողիկոսին: Պողոսյանը մտածել էր` ինչ անի, որ դեպքը Ծատուրյանը ոչ մի կերպ չմարսի, և երկրի մշակույթի նախարարը ժողովրդական արտիստին, այն էլ` Նիկոլայ Ծատուրյանին, կանչել էր իր մոտ, իսկ հետո` հրաժարվել ընդունել: Ավելին, ասել էին. «Նախարարը տեղում է, բայց հրաժարվում է ձեզ ընդունել»:
Վատ չէր լինի` այդ դեպքում հարցնել` կներեք, իսկ ո՞ւմ տեղում է նախարարը...
Օրերս, հոդված էինք հրապարակել այն մասին, թե ինչպես մշակույթի նախարարության «թեթև ձեռքով» Օձունի եկեղեցում տարվող վերականգնման աշխատանքներն «ավարտին հասցված» են համարվում /այս մասին փաստում են նախարարությունից` ի պատասխան մեր գրավոր հարցման/` այն դեպքում, երբ մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը դադարեցրել է Օձունի եկեղեցու վերանորոգմանն ուղղված ֆինանսավորումը /մարդուն ուղղակի հասցրել են/:
yerkir.am-ը փորձում էր ամեն կերպ խոսեցնել խնդրի հետ կապված բոլոր կողմերին, սակայն այդպես էլ հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ եկեղեցու ճարտարապետ Միշա Հակոբյանը, Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Մարդիկ, ովքեր նախկինում ակտիվ խոսում էին խնդրի մասին, մտահոգ էին, իսկ հիմա այլևս չեն ուզում որևէ բան ասել... Նրանց վերաբերմունքից պարզ է չէ՞ դառնում, որ հիասթափված են կամ էլ «վերևներից հորդորել են» չխոսել: Իսկ, գիտե՞ք, ինչպե՞ս է լինում որևէ հարցի շուրջ կարծիք չհայտնելու հորդորը` կամ անմիջապես` զանգի, տեսակցության միջոցով, կամ էլ անուղղակի` ինչպես այս անգամ արեց մշակույթի նախարարությունը: Պարզաբանենք` Օձունի հետ կապված մեր հոդվածում մեզ հետ համաձայնվել էր խոսել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը և բարձրաձայնել այն մասին, որ, ճիշտ է, եկեղեցու հիմնական մասը վերանորոգվել է, բայց մնացել են կողքի սրահները, որոնք նախագծում կան, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Ի դեպ, Տիտանյանն ունի եկեղեցու վերականգնման նախագիծը, որի վրա հենվելով էլ կարծիք էր հայտնում:
Մշակույթի նախարարության արձագանքը չուշացավ` երկու էջանոց մեծ պարզաբանում ուղարկեցին բոլոր ԶԼՄ-ներին, որտեղ ներկայացված էր հաշվետվություն` ե՞րբ, ինչպե՞ս, ո՞ւմ հետ են պայմանագիր կնքել, ի՞նչ աշխատանքներ են արվել Օձունի վերականգնման հետ կապված...
Ամենավերջում անդրադարձ էին կատարել նաև խնդրի մասին միակ բարձրաձայնողին` նշելով. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաև տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաև Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով և անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ»:
Հասկանո՞ւմ եք, չէ՞, նախարարության տեղին ու մասնագիտական վերաբերմունքը խնդրի, անձանց հանդեպ, նրանց հանդեպ, ովքեր փորձում են ազատ արտահայտվել... Նախարարության տրամաբանությանը հետևելով` ստացվում է` բոլոր նրանք, ովքեր փորձում են ազատ արտահայտվել` դիտորդի կարգավիճակ ունեն, անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններ են տալիս և ավելորդ լարվածություն ստեղծում: Մի տեսակ կարծես «թաղային կռիվ» հիշեցնի այս ամենը, կալանավայրերում տիրող «մենաշնորհային» իրավիճակ, երբ ճիշտը մեկն է: Այս դեպքում` ճիշտը մեկն է, նա, ում ձեռքին է իշխանությունը: Ուղղակի ցավում եմ` մշակույթ ու իշխանություն բառերը պետք է որ անհամատեղելի լինեին. տեսնես որևէ երկրում մշակույթի նախարարությունն այսքան ջանասիրաբար աշխատո՞ւմ է մեկ ուղղությամբ` մշակույթի ոլորտում կարծիք հայտնելու մենաշնորհով:
Հուսամ` մեր հրապարակմանը չի հաջորդի կրկին երկէջանոց պարզաբանում և ակնարկ, որ Կարինե Հարությունյանը դիտորդի կարգավիճակով և անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն է ստեղծում նախարարության շուրջ, քանզի ես` հիրավի դիտորդս /շնորհակալություն գեղեցիկ բնորոշման համար/, այլ կարծիք ունեմ մշակույթի նախարարության դերակատարման հետ կապված:
Կարինե Հարությունյան
Հ. Գ. Ի դեպ, ինչպես ասում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` «Սա փոքր երկիր է», ամեն ինչ շատ շուտ է «տեղ հասնում»: