կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 17:23
Իրավական

Ով ինչ ուզում` անում ա. Լյուքս Ստեփանյանի սպանության գործով պաշտպանն ինքնաբացարկ կհայտնի դատավորին

Ով ինչ ուզում` անում ա. Լյուքս Ստեփանյանի սպանության գործով պաշտպանն ինքնաբացարկ կհայտնի դատավորին

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այս գործով հաջորդ դատական նիստին պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել գործով դատավոր Զոյա Զաքինյանին: Այս մասին yerkir.am-ին հայտնեց փաստաբանը:

 

Նշենք, որ երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայողի սպանության գործով նիստի ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել տուժողի հարազատների և պաշտպան Սարգսյանի միջև, ինչի հետևանքով նիստը հետաձգվել է, որից հետո Սարգսյանն իր աշխատանքային գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն:

 

«Հենց առաջին նիստի ժամանակ իմ կողմից փորձ էր արվում հնարավորինս խաղաղեցնել դատական նիստում տիրող մթնոլորտը, քանի որ տուժողի հարազատները բավականին ագրեսիվ էին տրամադրված: Ես ամեն կերպ փորձում էի զիջումների գնալ, այդ մասին կարող են վկայել նիստերի արձանագրությունները»,- ասաց նա և հավելեց, որ տուժողի հարազատները դատական նիստերի ժամանակ ամեն կերպ փորձել են իր հետ կոնֆլիկտի մեջ մտնել:

 

Ըստ փաստաբանի` տուժող կողմին նյարդայնացնում էր այն հանգամանքը, որ ինքն ինչ-որ աշխատանք է կատարում: «Ամեն անգամ, երբ դատաքննությանը ներկա անձինք խոչընդոտում էին նիստին, դաստավորը պարտավոր էր նրանց նկատմամբ սանկցիա կիրառել և դահլիճից դուրս հրավիրել, սակայն ինչ-ինչ կաշկանդվածության պատճառով նա դա չէր անում, և իրավիճակն ավելի էր լարվում»,-ասաց պաշտպանը և պատմեց վերջին դատական նիստին տեղի ունեցածը:

 

Նրա խոսքով` դահլիճում նստած որոշ անձինք փորձում էին ռեպլիկների կարգով խոչընդոտել նիստին, ինչի մասին ինքը հայտնել է դատավորին և խնդրել ապահովել նիստի կարգը: «Չգիտես` ինչու դատավորն ու դատախազը հայտնեցին, որ իրենք նման բան չեն նկատել և, եթե նկատեն` հաջորդ անգամ դուրս կհրավիրեն: Մարդկանց մոտ տպավորություն էր, որ իրենք կարող են հանգիստ խախտել կարգը, ինչը պարբերաբար անում էին: Ով ինչ ուզում` անում է, ու դատարանը դա չի նկատում»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ ստիպված է եղել հեռանալ նիստերի դահլիճից: Ըստ նրա` դատավորը դատական նիստերը կարգն ապահովելու` իր լիազորությունները չի կատարում: «Եթե դատարանն ի վիճակի չէ ապահովել դատաքննության բնականոն ընթացքը` պետք է ինքնաբացարկ հայտնի»,- եզրափակելով միտքը` հայտարարեց նա:

 

Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 5-ին:

 

Լուսանկարն` iravaban.net