կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-22 17:16
Իրավական

Սեֆիլյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց կալանքի որոշումը քննող դատավորին

Սեֆիլյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց կալանքի որոշումը քննող դատավորին

Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը ինքնաբացարկ հայտնեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սինիզար Հովսեփյանին:

Նշենք, որ նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, Ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Փաստաբանը նշեց, որ միջնորդությունը քննող դատավո ը բավարար չափով չի տիրապետում կալանքի հետ կապված քրեական իրավունքին, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին: «Դատավորը պատկերացում չունի, թե կալանքի վերաբերյալ որոշումներ քննելիս ինչ հանգամանքներ պետք է քննվեն, ինչպես պետք է պատճառաբանեն: Ինչպե՞ս կարելի է նման դատավորից ակնկալել արդարադատություն»,- ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում և իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է համարում:

Հիշեցնենք, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես` Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։