կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 15:05
Իրավական

Լյուքս Ստեփանյանի սպանության գործում անմեղության կանխավարկած է խախտվում. պաշտպան

Լյուքս Ստեփանյանի սպանության գործում անմեղության կանխավարկած է խախտվում. պաշտպան

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մտահոգված է, որ այս գործով խախտվում է արդար դատաքննության իրավունքը:

 

Ըստ նրա` խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը:   Լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  մեկնաբանելով Գ. Կոստանյանի այն պարզաբանումը, թե շփոթմունք է եղել, որ գործով կա մեղադրական դատավճիռ, սակայն կրկին պնդել է, որ մեղադրանքը հաստատվել է, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, պաշտպանը նշեց. «Եկեք` մի պահ պայմանականորեն ընդունենք, որ, իրոք, գլխավոր դատախազը շփոթվել էր և խոսում էր այլ գործի մասին: Նման պարագայում մենք նույնպես պետք է մտածենք, որ այն հանգամանքը, թե ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, վերաբերում են այլ գործի, քանի որ անհերքելի ապացույց ասվածն արդեն իսկ հավասարազոր է մեղադրական դատավճռին»:

 

Ըստ նրա` գլխավոր դատախազն ընդամենը կարող էր ասել, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով,  նախաքննական մարմինը գտել է, որ այս մեղադրանքը հիմնավոր է և գործն ուղարկել է դատարան:

 

Փաստաբանը, անդրադառնալով գործի հասարակական հնչեղությանը, նշեց, որ վերջին շրջանում որոշ զինվորների հարազատներ պնդում են, որ փորձ է արվում սպանությունները վերածել ինքնասպանության. «Ի՞նչ է ստացվում, այս հասարակական հնչեղությունն ունեցող գործով իրավապահ մարմինները, պետական պաշտոնատար անձինք փորձում են հասարակության ի ցույց դնել, որ այստեղ գործ ունենք ոչ թե կոծկման հետ, այլ իրականացվել է օբյեկտիվ նախաքննություն, դատաքննություն, և եթե նման երևույթ կա, ինչու չկա այս գործով: Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ընտրվեց այն գործը, որով պետք է փորձ արվի կոտրել այդ կարծրատիպը»:

 

Ինչպես սպանության գործով վերջին դատավարության օրը, պաշտպանն այսօր էլ մանեկենների միջոցով նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, և ինչու Ստեփանյանին պատճառված մահը չի կարող դիտվել որպես դիտավորյալ սպանություն: Նշենք, որ վաղը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով պետք է հանդես գա Դավիթ Խաչատրյանը:

 

Թե ինչպես է խախտվել իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը, yerkir.am-ի տեսանյութում պարզաբանում է պաշտպանը: