կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 16:51
Իրավական

Միջնորդեցին Լյուքս Ստեփանյանի սպանության գործն ուղարկել նոր քննության

Միջնորդեցին Լյուքս Ստեփանյանի սպանության գործն ուղարկել նոր քննության

Նախորդ տարվա մայիսին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի և նրա սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի ծառայակից ընկերը` գործով տուժող Հրաչյա Սարգսյանը, այսօր չէր ներկայացել Վերաքննիչ քրեական դատարանում քննվող`  Դավիթ Խաչատրյանի և նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությանը:

 

Նշենք, որ նախորդ դատական նիստում Սարգսյանն անսպասելի ներկայացել էր և հայտնել, որ ցանկանում է ցուցմունք տալ: Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ միջնորդել էր դատարանին նախքան իր բողոքը ներկայացնելը հարցաքննել տուժողին, սակայն դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը:

 

Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփանյանի սպանությունը կատարելու և Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

 

Այսօր ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակեց ներկայացնել վերաքննիչ բողոքը: Փաստաբանը, մանրամասն ներկայացնելով գործում առկա փաստական հանգամանքները, փորձեց հիմնավորել, որ կատարված սպանությունը դիտավորություն չէ: Վկայակոչելով տուժողի, ամբաստանյալի և վկաների ցուցմունքները` նա նշեց, որ Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ, իսկ մյուս տուժողի` Հրաչյա Սարգսյանի հետ ավելի ջերմ հարաբերությունների մեջ, և որ հայհոյախառն վիճաբանությունն իրականում կատակ է եղել: Ըստ պաշտպանի` ճիշտ է, Դավիթն անհարկի խախտել է զենքի հետ օգտագործման կանոնները, սակայն, ըստ նրա, ի սկզբանե մտադրություն չի ունեցել ինչ-որ մեկին վնաս պատճառել:

 

Երեմ Սարգսյանը նշեց, որ գործը քննող առաջին ատյանի դատարանը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ Դավիթ Խաչատրյանը սկզբից ուսագոտու շրջանում է զենքը պահել, հետո նշան է բռնել, սակայն այդ ժամանակ էլ չի կրակել, այլ իջեցնելիս է եղել գոտկատեղի մոտ, ապա նոր արձակվել է կրակոցը: Ըստ նրա` այդ ժամանակ Դավիթի և տուժողների հեռավորությունը կազմել է 30 մ:  «Նույնիսկ գործով վկա, հրամանատար Հրայր Աթոյանն էլ իր ցուցմունքում ասել է, որ «մենք այդքան պատրաստված զինվոր չունենք, որ նման հեռավորությունից նման ճշտությամբ կրակեր»,- ասաց փաստաբանը, ապա, կրկին վկայակոչելով վկաներին, ներկայացրեց իր պաշտպանյալի հոգեկան վիճակը:

 

«Դավիթն անընդհատ լաց էր լինում, շատ վատ վիճակում էր, անընդհատ կրկնում էր` «հորս արև, էս ի՞նչ արեցի», այսինքն՝ դեպքի ականատեսները վկայում են, որ Խաչատրյանն այդ պահին չի գիտակցել` ինչ է արել»,- ասաց փաստաբանը: Եվ, ի վերջո, ըստ նրա, եթե իր պաշտպանյալը ցանկանար սպանել Լյուքսին, ապա նրան վիրավորելուց հետո գոնե կփորձեր փախուստի դիմել, ինչը չի արել: Պաշտպանի խոսքով` այս և այլ հանգամանքներ հաշվի չի առել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը և դատավճռի հիմքում դրել է այն հանգամանքը, թե իբր Դավիթը միտումնավոր է սեղմել զենքի ձգանը:

 

Հիշեցնենք, որ սույն դատարանի` հուլիսի 4-ի վճռով Դ. Խաչատրյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտել 17 տարվա ազատազրկման:

 

Այսօր Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ու Վաղարշակ Գևորգյանը միջնորդեցին ամբողջությամբ բեկանել և փոփոխել Դավիթ Խաչատրյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը , Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և նրա նկատմամբ նշանակել արդարացի պատիժ ` նշված հոդվածի սանկցիայի սահմաններում: Կամ ամբողջությամբ բեկանել 2014-ի մարտի 10- ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին վերոհիշյալ դատարանի որոշումը, բավարարել այդ միջնորդությունն ու այդ հիմքով բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Իսկ դրանք հնարավոր չհամարելու պարագայում նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել հուլիսի 4-ի վճիռն ու Խաչատրյանի նկատմամբ սահմանել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով սահմնված նվազագույն պատիժ: