Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանումներն ամեն ինչ արել են, որ Լյուքս Ստեփանյանի հարազատներին տված` նախարարի խոստումն իրականություն դառնա: Այս մասին այսօր Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատաքննության ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը` անդրադառնալով մահացածի հարազատների այն հայտարարությանը, որ նախարարն իրենց խոստացել է, որ պատիժը 18-20 տարի է կամ ցմահ:
Ըստ նրա` նախարարի հայտարարությունն արդեն իսկ կանխորոշել է գործի ընթացքը, և բոլոր մարմինների խնդիրը եղել է գործով տուժողի հարազատների պահանջները բավարարելը, նրանց ըմբոստությունը կանխելը, անտեսվել են համապատասխան օրենքներով նախատեսված սկզբունքները: Փաստաբանի խոսքով՝ դեպքի առաջին իսկ օրերից մի շարք անձինք սկսել են Դավիթ Խաչատրյանին մարդասպան անվանել: Պաշտպանը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք այդ մարդիկ ներկա են եղել դեպքի վայրում, որտեղ էլ կարող էին հասկանալ՝ կատարվածը դիտավորությո՞ւն է, թե՞ անզգուշություն:
«Լյուքս Ստեփանյանի մահն արդարացիորեն առաջացրել է նրա հարազատների դժգոհությունը, նրանք դիմել են ծայրահեղ միջոցի՝ փորձելով իրենց որդու դին բերել Երևան՝ պաշտպանության նախարարության շենքի մոտ, այնուհետև փակել են Երևան-Սևան մայրուղին` պահանջելով, որ պաշտպանության նախարարը հասարակության այդ անդամների ներկայությամբ, լրատվամիջոցների ներկայությամբ այդ պահին հաստատի, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորությամբ է կրակել Լյուքս Ստեփայանի վրա, որպեսզի այդ լարված իրադրությունը հանդարտվի: Հարգելի պարոն նախարարը (ես վստահ եմ, որ նաև այստեղ գուցե իրադրությունն է բերել այդ դրվագին, որպեսզի այդ լարված իրադրությունը հանդարտվի, և դա գուցե նաև պայմանավորված էր այդ իրադրությամբ), սակայն ընդամենը դեպքից երեք օր անց ասաց, որ, այո, միտումնավոր է կրակել, այսինքն՝ դեպքից երեք օր անց արդեն ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Դավիթ Խաչատրյանը միտումնավոր կերպով է կրակել»,- ասաց փաստաբանը և հավելեց. «Սակայն գուցե մենք հենց այս տրամաբանությամբ գտնեինք, որ դա իրադրությունից դրդված քայլ է, որևէ կերպ անդրադարձ չկատարեինք դրան՝ հասկանալով, որ, ի վերջո, փորձ է արվել հանդարտեցնել կամ համոզել, որ այդպիսի ծայրահեղ քայլի չդիմեն: Ինչո՞ւ մյուս գործերով, երբ տուժող կողմը ծայրահեղ միջոցների չի դիմում, պետական մարմինները նման կերպ չեն վարվում»:
Նա նաև անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազի` վերջերս արած այն հայտարարությանը, որ Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները, և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ մեղավորությունը հիմնավորելու համար: Բացի այդ` դատախազը նշել էր, որ այդ ամենի արդյունքում իրենք ունեցան մեղադրական դատավճիռ: Ըստ պաշտպանի` գլխավոր դատախազը կա'մ ցանկանում է իր հերթին ճնշում գործադրել դատարանի նկատմամբ, կա'մ էլ հաստատում է այն, որ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ դատաճիռը կայացվել է նախքան դատաքննությունը:
Սարգսյանն իր պաշտպանական ճառի ընթացքում մատնանշեց բազմաթիվ փաստեր, այդ թվում` ամբաստանյալի և վկաների հարցաքննության արձանագրությունները, որոնք, ըստ նրա, վկայում են այն մասին, որ իր պաշտպանյալը չի ցանկացել սպանել Լյուքսին, և որ կրակոցը եղել է պատահականության արդյունք: «Դավիթ Խաչատրյանը և Լյուքս Ստեփանյանը եղել են մտերիմ հարաբերություների մեջ: Դեպքի օրը Ստեփանյանը միայն Դավիթ Խաչատրյանին ուղղված հայհոյանքներ է հնչեցրել, նախկինում էլ նրանք իրար հետ կատակով հայհոյանքներով են խոսել, և դա սպանության պատճառ չէր կարող հանդիսանալ»,- նշեց պաշտպանը և ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արձակվել է միայն մեկ կրակոց, ընդ որում` այն նախ Հրաչյա Սարգսյանի գլխի վրայով դիպել է պատին, ապա անդրադառնալով` Լյուքս Ստեփանյանին: Ըստ նրա` դեպքի ականատես վկաները համոզված են, որ Խաչատրյանը դիտավորյալ չի կրակել:
«Առնվազն ողբերգական է, որ օրենք կիրառելիս պաշտոնատար անձինք առանց որևէ փաստարկի կարող են փորձել հասնել նրան, որ Դավիթ Խաչատրյանը պատիժ կրի մի հանցանքի համար, որը չի կատարել: Մինչև ե՞րբ քաղաքացիները պետք է զոհ գնան պաշտոնյաների նման գործողություններին», -ասաց նա և նշեց, որ եթե որևէ մեկը կփորձի հակառակվել, թող գործում առկա փաստական հանգամանքով վկայակոչի և հերքի ասվածը:
Մինչ պաշտպանը հրապարակում էր ճառը,ՙ փորձելով ներկայացնել, որ սպանությունը դիտավորություն չէ, դահլիճում ներկա` Լյուքս Ստեփանյանի հարազատներից մեկը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց պաշտպանի հասցեին: «Ամեն ինչ դիտավորյալ է արել, ոչխա'ր»,- ասաց նա:
Դատավորը սանկցիա կիրառեց քաղաքացու նկատմամբ և նրան հեռացրեց դահլիճից: Պաշտպանական ճառի հրապարակումը շարունակվում է: