կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 18:38
Հասարակություն

Մենք ավելի խստի էինք կողմնակից. Գևորգ Կոստանյանը՝ Լյուքս Ստեփանյանի գործով դատավճռի մասին

Մենք ավելի խստի էինք կողմնակից. Գևորգ Կոստանյանը՝ Լյուքս Ստեփանյանի գործով դատավճռի մասին

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին 17 տարվա ազատազրկման դատապարտելու` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել: Պաշպանական կողմը պնդում է, սակայն, որ գործի դատաքննության ընթացքում խախտվել է ամբաստանյալի անմեղության կանխավարկածը, իսկ վճիռը կայացվել է տուժող կողմին հանգստացնելու համար:

 

Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի մասին խոսելիս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները, ձեռք են բերվել մեղադրանքը, մեղավորությունը հիմնավորող անհերքելի ապացույցներ: Մինչդեռ, պաշտպանական կողմի կարծիքով, Խաչատրյանի անմեղության կանխավարկածը խախտողներից է նաև հենց Գևորգ Կոստանյանը:

 

Այսօր yerkir.am-ի լրագրողը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝  ըստ նրա` համաչա՞փ է Խաչատրյանի նկատմամբ կայացված վճիռը: «Եթե նկատել եք` հատկապես իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, ես երբեք որևէ որոշում չեմ կայացրել հասարակական կարծիքը կամ հասարակական դիրքորոշումը նկատի ունենալու տեսակետից: Այսինքն՝ եթե կա հասարակական պահանջ, որ` այ սա անմեղ է, եկեք իրեն ազատենք, ես երբեք դրան չեմ գնում: Այսինքն՝ ինձ ծնողների դիրքորոշումը, իրենք գո՞հ են պատժաչափից, գոհ չե՞ն պատժաչափից, շատ չի մտահոգում»,- ի պատասխան ասաց Գևորգ Կոստանյանը՝  հավելելով. «Համենայն դեպս,  մենք խոսում ենք հետևյալի մասին` կատարվել է հանցագործություն, երկու անձ տուժել է, և երբ դատախազը միջնորդում է պատժաչափը և պատժատեսակը, դա չի որոշում օդի մեջ՝ եկեք այս դեպքում սա միջնորդենք: Երբ դուք նայեք նմանատիպ դեպքերում դատական պրակտիկան, թե ինչ պատժողական քաղաքականություն է իրականացվում, յուրաքանչյուր դեպքում դատական պրակտիկան` գումարած, տվյալ դեպքում, մեղմացնող և ծանրացնող հանգամանքները հաշվի առնելով է պատժաչափը որոշվում, միջնորդվում համապատասխանաբար դատարանին: Այսինքն՝ մենք չենք ներկայացնում, որ այս դեպքում ծնողները դեմ են կամ ծնողներին լռեցնելու խնդիր կա, եկեք խիստ պատիժ... Խիստ չէ: Պատիժը խիստ չէ, պատիժը համաչափ է, որովհետև մենք խոսում ենք երկու հանցագործության մասին ՝ մի արարք, երկու հանցագործություն, և դրա համար ես համարում եմ, որ այդ պատիժը նորմալ է և համաչափ: Ավելին ասեմ, մենք ավելի խիստ պատիժ էինք միջնորդել, դատարանն ավելի մեղմ տվեց, այսինքն մենք ավելի խստին էինք կողմնակից»:

 

 

 

Հարցին՝ ի՞նչ գնահատական կտա մեղադրանքի վերաբերյալ իր հայտարարություններին, որոնք առիթ հանդիսացան, որ պաշտպանական կողմը խոսի անմեղության կանխավարկածի մասին, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես հայտարարությանը գնահատական չեմ տալիս: Ընդամենը մի բան ասեմ: Ես դատախազ եմ: Բա իմ գործը հենց անձի մեղավորության մասին խոսելն է, չէ՞: Այսինքն՝ եթե ես այլ կերպ վարվեմ, դա կլիներ տարօրինակ: Բա ես հենց դատախազ եմ նրա համար, որ հենց պիտի պնդեմ իմ մեղադրանքը: Եթե ես մեղադրանքը հիմնավոր չհամարեի, մեղադրանքը չէի առաջադրի՝ ա, բ՝ մեղադրանքից կհրաժարվեի, չէ՞: Այդպե՞ս չէ: Բա ես հենց դատախազ եմ նրա համար, որ եթե համարում եմ՝ մեղադրանքը հիմնավոր է, պնդում եմ այդ մեղադրանքը: Իմ սահմանադրական գործառույթն է այդպիսին»: