կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 12:10
Իրավական

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալը կարել է բերանը

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալը կարել է բերանը

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը, ով «Վանաձոր» ՔԿՀ-ում մայիսի 8-ից հացադուլ էր հայտարարել, կարել է բերանը` ի նշան բողոքի` մեղադրող դատախազի` իրեն 18 տարի ազատազրկման դատապարտելու միջնորդության դեմ:

 

Այս մասին yerkir.am-ին հայտնեց Դավիթի պաշտպան Երեմ Սարգսյանը` նշելով, որ այդ մասին տեղեկացել է իր պաշտպանյալի հարազատներից: Պաշտպանի խոսքով` դատախազը նման միջնորդություն էր արել` տուժողներին հանգստացնելու համար: Տուժողներն առաջին օրվանից հայտարարում էին, որ իրենց խոստացել են, որ մեղադրյալին 18-20 տարվա ազատազրկման կդատապարտեն: Նրանք անգամ ասում էին, որ եթե իրենց ուզածով չլինի` ծայրահեղ միջոցների կդիմեն:

 

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 114-րդ հոդվածի 6-րդ կետի և 112-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան, իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի փողն ուղղել է տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք:

 

Լուսանկարն` aravot.am-ի