կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-18 13:10
Իրավական

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ. տեղեկացնում է ՀՀ զինվորական դատախազությունը:

 

Ըստ նախաքննության տվյալների՝  15.05.2013թ՝ ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:

 

Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:

 

15.05.2013թ.-ին Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և, որպես կասկածյալ, հարցաքննվել է:

 

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում և այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ,  նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողներրը:
 
Այսօր՝  18.05.2013թ, որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին  ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր.-ի 112 հոդ.-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
 
Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի  հարազատները նրա դին, որպես բողոքի նշան, բերում են Երեւան` պաշտպանության նախարարից ճշմարտությունը պահանջելու, սակայն նրանց խոչընդոտում են ոստիկանները: Ի դեպ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ`  հանդիպելու նրանց հետ: