Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում, երբ «Նաիրիտ»-ի վերաբերյալ հարց հնչեց, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց հարցի համար, «քանի որ հնարավորություն է տալիս արձագանքել երեկվա մեղադրանքներին, որոնք հնչում էին իր հասցեին, ինչպես նաև հանձնաժողովի ձևավորմանը»: Վարչապետի համոզմամբ` Հանրապետական խմբակցությունը «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ մտահոգություն ունի, որ քաղաքական ուժերը շահագրգռված չեն, որպեսզի իրականում «Նաիրիտ»-ի խնդիրը քննարկվի, այլ քաղաքական շահարկումների առիթ է, ինչն էլ, ըստ վարչապետի, ապացուցվեց:
Նա նշեց, որ երեկ ԱԺ-ում որոշ պատգամավորների հնչեցրած փաստարկները, «Նաիրիտ»-ի հետ կապված, բացարձակ կապ չունեն իրականության հետ: Ըստ վարչապետի` Չինաստանի հետ կնքված պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել դեռ 2000թ. իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005թ: «Ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որ իմ անձի հետ էին կապում, իմ եղբայրների հետ էին կապում, անհիմն է, շինծու և սուտ: Ուրեմն ի՞նչ նպատակ են հետապնդում իմ ընդդիմախոսները` նման սուտ տեղեկատվությունը կապելով ինձ հետ, միայն մեկ նպատակ` դա քաղաքական շահարկում է՝ վարկաբեկելու նպատակով: Այլ բացատրություն ես չեմ տեսնում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ «Նաիրիտ»-ի հետ կապված փաստերը ապացուցելու համար անհրաժեշտություն չկա հանձնաժողով ստեղծել, որովհետև բոլոր փաստերը և որոշումները տեղադրված են կառավարության կայքէջում: «Այդ որոշումներն ընդունել են այն մարդիկ, որոնք նստած են այդ դահլիճում ու քաջատեղյակ են, թե ինչու է կառավարությունը պայմանագիր ստորագրել Չինաստանի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար: Այդ ժամանակահատվածում Արմեն Սարգսյանը, որն այսօր Չինաստանում ՀՀ դեսպանն է, այդ ժամանակ իր աշխատանքային գործունեությունն էր իրականացնում ԱՄՆ-ում` որպես ռազմական կցորդ, և Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008-ին: Սա փաստում է, որ չինական պայմանագիրը և հոսքագծերի արտահանումը ոչ մի առնչություն չէին կարող ունենալ ո'չ ինձ հետ, ո'չ էլ իմ եղբայրների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն վարկաբեկում են:
Վարչապետը նաև նշեց, որ ինքը կողմնակից է «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելուն, և երբ ավարտվեն բանակցությունները «Ռոսնեֆտ»-ի հետ, և հստակ լինի, թե ներդրումներն ինչ հետևանքներ են ունենալու, լրացուցիչ խոչընդոտներից խուսափելու համար առայժմ կհետաձգեն հանձնաժողովի ստեղծումը, որը նաև կհերքի բոլոր մեղադրանքներն իր հասցեին: