Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց Հայաստանի էներգետիկ սուր խնդիրների մասին: Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի չորս ամսվա վարչապետության ժամանակաշրջանում էներգետիկայի բնագավառի խութերը ոչ միայն չշտկվեցին, այլ ավելի խորացան: Պատգամավորի խոսքով` գազն ու էլեկտրաէներգիան թանկացան, ինչի արդյունքում սպառումը քչացավ, «Նաիրիտ»-ի խնդիրները խորանում են, պարտքը փակվում է պետական ձեռնարկությունների հաշվին:
«Մարդիկ չեն կարողանում հասկանալ` ո՞վ է «Նաիրիտ»-ի սեփականատերը, ումի՞ց պահանջեն իրենց աշխատավարձերը: Որոտանի էպոպեան ինչո՞վ է ավարտվելու»,- հարցեր ուղղեց պատգամավորը` շեշտելով, որ կարևոր է, որ իր հարցերին պատասխանի հենց վարչապետը: Սակայն պատգամավորի հարցերին պատասխանեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Նախարարը նշեց, որ բարձրացված հարցերը ծավալուն են, և ինքը չի կարող մի քանի րոպեի ընթացքում պատասխանել բոլոր այդ հարցերին: Երվանդ Զախարյանի կարծիքով` չորս ամիսների ընթացքում նշված հարցերի լուծման ուղղությամբ կատարվել է զգալի աշխատանք, մասնավորապես` զգալի աշխատանքներ է իրականացրել էներգետիկայի նախարարությունը` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և էներգետիկայի ոլորտում կորուստների նվազեցման ուղղությամբ: «Նաիրիտ»-ի հետ կապված` նշեց, որ կառավարության կողմից արվելու է ամեն ինչ գործարանի վերագործարկման համար:
Արամ Մանուկյանը դիմեց Հովիկ Աբրահամյանին. «Պարո'ն Աբրահամյան, Ձեր վերաբերմունքը հարգալից չէ իմ նկատմամբ, ես Ձեզ հարց եմ տալիս Ձեր չորս ամսվա պաշտոնավարման ընթացքում Ձեր իրականացրած քաղաքականության վերաբերյալ: Երվանդ Զախարյանը դրա հետ կապ չունի, ինչպես նախկինում Արմեն Մովսիսյանը կապ չուներ: Կա'մ Դուք իրականացնում եք քաղաքականություն, կա'մ չեք իրականացնում, կա'մ Դուք եք տերը այս քաղաքականության, և խոստովանեք, որ եղել են սխալներ…Առվազն երկու քրեական գործի խնդիր կա` «Նաիրիտ»-ի ու «Որոտան»-ի հետ կապված: Կարող եք չպատասխանել, դա էլ է պատասխան»:
Երվանդ Զախարյանը արձագանքեց` ասելով, որ էներգետիկայի նախարարությունը կառավարության կողմից լիազորված կառույց է, որը իրականացնում է կառավարության քաղաքականությունը էներգետիկայի բնագավառում, և կարող է պատասխանել այդ ոլորտի հարցերին: «Ձեր հարցերին հնարավոր չէ երեք րոպեում պատասխանել, ես դրանց գրավոր կպատասխանեմ»,- ասաց նա: