կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 16:47
Հասարակություն

Ես դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ. վարչապետը՝ «Նաիրիտ»-ի մասին

Ես դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ. վարչապետը՝ «Նաիրիտ»-ի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաիրիտցիների չվճարված աշխատավարձերին:

 

Հիշեցնենք, որ նրանք չեն ստացել շուրջ 17 ամսվա աշխատավարձ եւ այսօր էլ բողոքի ակցիա էին անում նախագահականի մոտ:

 

«Աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել։ Էներգետիկայի նախարարն ասել է՝ փորձելու ենք։ Փորձելը խոստում չէ»,-հայտարարեց վարչապետը եւ հավելեց, որ փորձելու են հնարավորության սահմաններում անպայման օգտակար լինել և վճարելու են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը։

 

«Ես, ընդհանրապես, դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը ստանա 2 մլն 300 հազար դրամ աշխատավարձ, և շարունակական այդ պրոցեսը գնա։ Ես դեմ եմ նման պահվածքին։ Առաջինը այդ տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր։ Չորս տարի է՝ այդ գործարանը չի աշխատում, և հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն։ Գործարանի աշխատելու հետ կապված` մենք խնդրել ենք Համաշխարհային բանկին, որպեսզի իրենք միջազգային փորձագետներ հրավիրեն և տան առաջարկ։ Նախարարն ինձ զեկուցել է, որ մինչև փետրվար-մարտ ամիսն առաջարկը կլինի, և մենք կորոշենք «Նաիրիտ»-ի ճակատագիրը։ Եթե հնարավորություն լինի աշխատացնելու, կառավարությունը կաջակցի այդ պրոցեսին։ Սեփականատերը` Ռուսաստանի «Մեժգոսբանկը», արժեթղթերի 90%-ը նրա մոտ է, գրավ է դրված, մոտ 10%-ը ՀՀ կառավարությանն է»,- ասաց վարչապետը: