Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաղաթելյան եղբայրները մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ՝ բռնություն գործադրմամբ, սակայն քրեական գործի շրջանակներում որևէ ապացույց ձեռք չի բերվել, չկա որևէ ապացույց, կա մի ձայնագրություն, որտեղ երևում է, որ հավաքված են, կա իրարանցում, տուժողը, որ իբր թե բռնության է ենթարկվել, դատարում որպես վկա պատմեց, որ ինչ-որ քաշքշուկ է եղել, բայց ինքը չի հիշում՝ ով է իրեն խփել, Սաղաթելյան եղբայրներին չի ճանաչում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եղբոր և հորեղբոր որդու փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ ներկայացնելով քրեական գործի մանրամասները։
«Քրեական գործով դատավոր է նշանակված Հրաչիկ Մարգարյանը, որը նույն հայտնի 2018թ․-ի (Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ պետի, ՀՔԾ-ի պետի) ձայնագրության գործով դատավորն է, որը ուզեր թե չուզեր, կալանքը տալու էր։ Միջնորդություն է ներկայացվել դատավորին, քանի որ հիմնավորվում է, որ այս դեպքում դատավորը չի կարող օբյեկտիվ և անաչառ լինել, քանի որ այդ գործով կալանքի որոշում պետք է կայացներ «Հայաստան» դաշինքի ղեկավարի նկատմամբ, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Սա հերթական ճնշումն է հենց Իշխան Սաղաթելյանի նկատմամբ, արդեն 2-րդ տարին է, որ նրա եղբայրների նկատմամբ կա այս գործը, խափանման միջոցը ստորագրություն է չբացակայելու պայմանով, բայց անընդհատ կարող են մի խնդիր ստեղծել, բոլոր վկաները, ովքեր կան գործում, ոստիկաններ են, բայց ասում են՝ մենք բան չենք տեսել, մենք տեսել ենք իրարանցում։ Ամոթալի է, որ այս ապացույցներով քրեական գործը եկել, հասել է դատարան»,- ասաց փաստաբանը։
Հարցին, թե ինչ ակնկալիք ունի փաստաբանը դատարանից, նա նշեց․ «Ակնկալիք, որպես այդպիսին, չունեմ դատարանից, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ ճնշումներ են իրականացվում դատավորների նկատմամբ, իսկ տվյալ դեպքում դատավորի նկատմամբ այդ ձայնագրությունից երևում էր, թե ինչ աստիճանի ճնշում է գործադրվել, երբ ասվել է՝ «ուզես-չուզես կալանքը տալու են»։ Ակնկալիք չունեմ, վստահ լինելով, որ որևէ ապացույց չկա այս գործում, որը կհիմնավորի Սաղաթելյան եղբայրների մեղավորությունը։ Վտանգ տեսնում եմ, որ դատարանը կարող է ոչ արդարացի որոշում կայացնել, սակայն վստահ եմ, որ վերջնական արդյունքում մեզ կհաջողվի հաղթել և Սաղաթելյան եղբայրները կարդարացվեն»,- ավելացրեց նա։
Փաստաբանը վստահ է, որ գործը ուղղորդված է․ «Նմանատիպ գործերը բազմաթիվ են, ես՝ ինքս, մի շարք նմանատիպ գործերով, որպես փաստաբան պաշտպանում եմ մի շարք անձանց։ Բոլոր դեպքերում վկաները ոստիկաններն են, տալիս են գրեթե նույն copy past-ային վկայությունները։ Այս ամենը միանշանակ քաղաքական հետապնդում է, քաղաքական ճնշում է, քաղաքական տեռոր է, և, միանշանակ կարող եմ ասել, որ ժողովրդավարության բաստիոնից Հայաստանը վերածվել է բռնապետական զնդանի։ Որովհետև այս բոլոր գործերը միանշանակ նրա համար էին, որ ճնշեն ընդդիմադիր խոսքը, ընդդիմադիր անձանց։ Այս գործով փորձում են ճնշել Իշխան Սաղաթելյանին՝ իր հարազատ եղբոր և հորեղբոր որդու նկատմամբ քրեական գործեր հարուցելով,- ասաց Սերգեյ Հարությունյանը։
Անդրադառնալով երեկվա դատական նիստին, փաստաբանը նշեց, որ նիստը հետաձգվել է օբյեկտիվ պատճառներով․ «Քանի որ վկաները շատ էին, իսկ ժամը ավարտին էր մոտենում մենք միջնորդեցինք, որ նիստը հետաձգվի: Հաշվի առնելով, որ գործով կա մեկ այլ փաստաբան և մեկ այլ ամբաստանյալ, և այդ պաշտպանյալը կալանքի նիստ ուներ, և քանի որ վկաներին լսելը շատ երկար էր տևելու, քանզի վկաները հիմնականում ոստիկաններ էին, և հաշվի առնելով, որ մենք շատ հարցեր կունենանք իրենց ուղղված, միջնորդեցինք, որ դատական նիստը հետաձգվի: Հաջորդ դատական նիստը լինելու է փետրվարին»,- ասաց նա։
Փաստաբանը կարծում է, որ այս քրեական գործը միանշանակ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի է․ «Նույնիսկ առաջին-երկրորդ կուրսի իրավաբանականի ուսանողը, որ նայի այս քրեական գործը, մեղադրանքը, կհասկանա, որ որևէ ապացույց չկա, այդ ապացույցներով յուրաքանչյուր անձի կարող են փողոցից բերել, և այս նույն գործի շրջանակներում մեղադրանք առաջադրել, որովհետև այն, թե այդ օրը ինչ է կատարվել, բռնություն է եղել, թե՝ չէ, կապ կա, թե՝ չէ, և այդ ամենը կատարել են Սաղաթելյանները, որևէ կապ չկա։ Ոստիկաները գալիս, ասում են այնտեղ իրարանցում է, գուցե և եղել է իրարանցում որևէ անձի նկատմամբ, բայց այդ մարդը ասում է այս մարդիկ չեն, ես չեմ ճանաչում իրենց։ Տեսանյութի մեջ նայում ենք, որ ոստիկանը այդ տուժող անձին ուղղորդում է, բերում է, հատուկ պտտում է մի տեղով, որտեղ կա տեսանկարահանող սարք, պտտելուց հետո տանում է արդեն ոստիկանական մեքենա, կարծես թե նախօրոք մտածած լինեն, որ բերեն ցույց տան, որ իրարանցում էր, այս մարդն էլ տուժողն էր, տեսեք ոստիկանը տուժողին տանում է այնտեղից, որ հանկարծ իրեն չծեծեն, բայց ո՞վ կարող էր ծեծել, եղե՞լ է արդյոք բռնություն կամ արդյո՞ք Սաղաթելյան եղբայրներն էին։ Ուրիշ տեղից Սաղաթելյան եղբայրներին բերման են ենթարկել, բերման են ենթարկել նաև երրորդ անձին, որը Արցախյան ազատամարտին մասնակցած, պատկառելի տարիքի հասած անձնավորություն է, որը ընդհանրապես տեղյակ չէ՝ ի՞նչ է կատարվել, որտե՞ղ, պարզապես այդ օրը վրանի կողքը՝ Բաղրամյան պողոտայում կանգնած է եղել, ոստիկանները Սաղաթելյան եղբայրներին տանելուց ասել են՝ դու էլ արի, ու հիմա այդ մարդուն էլ են մեղադրանք առաջադրել»,- ավելացրեց փաստաբանը։