Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծում փոփոխություններ անելու առաջարկներով հանդես է եկել «Ելք» խմբակցությունը: Ըստ նրա` «Ելք»-ն առաջարկել է չսահմանափակել այն հարցերը, որոնք կարող են դրվել հանրաքվեի:
Նախագծով սահմանված է, թե որ հարցերը չեն կարող դրվել հանրաքվեի, դրանք են` այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, կառավարության կազմին, կառուցվածքին և գործունեության կարգին:
«Առաջարկը մենք քննարկել ենք, բայց ընդունելի չէ, քանի որ հակասում է Սահմանադրության 204-րդ հոդվածին, որով հստակ ասվում է, թե որ ակտերը չեն կարող հանրաքվեի դրվել»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ «Ելք»-ն առաջարկել է նաև հնարավորություն տալ այն նախագծերին, որոնք դրվել են հանրաքվեի և մերժվել, առանց սահմանափակման, կրկին դնել հանրաքվեի:
Նշենք, որ նախագծով սահմանված է, որ այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և նույնաբովանդակ են, չեն դրվի հանրաքվեի:
«Մենք նախագծով մեկ տարվա ժամկետ են դրել և մեկ տարուց շուտ չենք կարող նորից այդ նույն հարցերը հանրաքվեի դնել, որովհետև հանրաքվեն ծախսատար է և պետք է սահմանափակում դնել` քաղաքացիներին հնարավորություն չտալով նույն հարցը 5 օրը մեկ դնելու հանրաքվեի»,- բացատրեց փոխնախարարը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ կառավարությունը մերժել է նաև «Ելք»-ի այն առաջարկը, որ հանրաքվե անցկացնելու համար ստորագրություն հավաքելու ժամկետը 60 օրվա փոխարեն լինի 90 օր: ««Ելք»-ն առաջարկում է 90-օրյա ժամկետ, այս առաջարկը ևս ընդունելի չէ, որովհետև Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ-ի կողմից օրենքի ընդունումը մերժելուց հետո` 60-օրյա ժամկետում, ևս 300 հազար քաղաքացիներ միանան նախաձեռնող խմբին, և հարցը ներկայացվի հանրաքվեի, այդ 60 օրը Սահմանադրությամբ է նախատեսված»,- բացատրեց նա:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին: «Քանի որ չի հանվել մանկավարժներին քարոզարշավից դուրս բերելու մեր առաջարկությունը, մենք, չհերքելով նախագծում որոշակի առաջադիմական դրույթների առկայությունը, այդուհանդերձ, մեր առաջարկը չընդունելու համար դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա:
Նախագիծն ընդունվեց: Դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: