կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 16:31
Քաղաքական

ՀՅԴ-ն առաջարկում է «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

ՀՅԴ-ն առաջարկում է «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

 

Նշենք, որ այս հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի հեղինակներն են ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը:

 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս հարցն ընդգրկված է մեծ օրակարգում, իսկ որոշման նախագծի անհրաժեշտությունը, ըստ նրա, պայմանավորված է հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի վրա «Նաիրիտ» ՓԲԸ-ի ունեցած զգալի դերակատարությամբ, ինչպես նաև գործարանի պարապուրդի հանգամանքով, ընկերության մասնավորեցման ու ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ, այդ թվում` մամուլում հանրային լուրջ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու, ընկերության վերագործարկման հնարավորությունների հետազոտության անհրաժեշտությամբ:

 

Պատգամավորը նշեց, որ այդ հարցին Դաշնակցություն խմբակցությունը բազմիցս անդրադարձել է, քանի որ այն ունի սկզբունքային նշանակություն: Ըստ նրա` շատ կարևոր է այդ նախագծի ընդունումը, քանի որ հանրային, մասնագիտական և պետական մարմինների մոտ ներկայումս բացասական պատկերացումներ կան «Նաիրիտ»-ի կառավարման վերաբերյալ: «Նաիրիտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրով` դեռևս 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսն օտարվել էր Վիրջինիա կղզիների օֆշորային գոտում գրանցված մի ընկերությանը՝ 40 մլն դոլար արժեքով: Պատգամավորի խոսքով՝ ընկերությունը գումար չի ներդրել գնումների իրականացման համար, այլ գործարանը գրավադրել է միջպետական բանկում և ստացել 70 մլն դոլար, որից 39 մլն-ը վճարել է ՀՀ-ին, մեկ միլիոն դոլարը հաշվարկվել է որպես գործարանի հաշվետու տարվա պակասորդ, իսկ մնացած 31 մլն դոլարի տնօրինումը անհայտ է:

 

Հաջորդ խնդիրն այն է, որ կնքված համաձայնագրով գնորդը պարտավորվել էր արդիականացման ու վերազինման նպատակով հինգ տարվա ընթացքում կատարել 120 մլն դոլարի ներդրում, որից 60 միլիոնը՝ առաջին երեք տարվա ընթացքում: Նախատեսված կարգով ներդրումներ չիրականացնելու դեպքում ՀՀ կառավարությունը պետք է վերադարձներ չիրականացված ներդրումների ծավալին համապատասխան բաժնետոմսերի քանակությունը: 2008թ. սկզբին գործարանի արտադրանքի որակը պետք է համապատասխանեցվեր միջազգային չափանիշներին, իսկ տարեկան ծավալը պետք է հասցվեր 125 հազար տոննայի: Գործարանում, 2006թ. դրությամբ, չպետք է իրականացվեր  աշխատակիցների կրճատում: Չեն կատարվել 120 մլն դոլարի ներդրումները և դրանից բխող արտադրանքի որակի բարձրացումը, թեեւ աշխատակիցները չեն կրճատվել, սակայն չեն բարձրացվել նրանց աշխատավարձերը, ավելին՝ հսկայական պարտքերի կուտակումներ կան, որոնց դեմ հաճախակի բողոքում են ընկերության աշխատակիցները:

 

«Մեր գնահատմամբ՝ կառավարությունը ցուցաբերել է ակնհայտ անգործություն՝ համաձայնագրով նախատեսված ծավալներ չապահովելու ու ներդրումներ չանելու պայմաններում գործարանի բաժնետոմսերը հետ վերցնելու ուղղությամբ քայլեր չիրականացնելով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Երրորդ խնդիրն այն է, ըստ պատգամավորի, որ, 70 մլն դոլար վարկից բացի, գործարանի բաժնետերը ներգրավել է ևս 99,9 մլն դոլար և 3, 85 մլրդ դրամ վարկային միջոցներ: Մոսկվայի իրավարար դատարանը բավարարել է գործարանի բաժնետեր ընկերությունից 108 մլն դոլարի բռնագանձման մասին` միջպետական բանկի հայցը: Վերջինս 25 մլն դոլարի բռնագանձման մասին ևս մեկ հայց է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի դեմ, որը հանդես է գալիս որպես վարկի երաշխավոր: Դատարանը 2013թ. փետրվարին հայցը վերադարձրել է բանկին՝ պատճառաբանելով, որ այն ներկայացվել է ենթաօրենսդրական կանոնների խախտմամբ, սակայն Վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել այդ վերադարձը, և գործի քննությունը նշանակված է մարտի 11-ին:

 

2009թ. «Նաիրիտ» ՓԲԸ-ն չի գործել իր ամբողջ հզորությամբ, քանի որ գրանցվել է մոտ 225 օր պարապուրդ: Այդ պայմաններում գործարանը գնել է «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի` «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 97 տոկոսը, որոնք գրավադրված են եղել ԱՊՀ միջպետական բանկում, ինչը գործարանի հաշվետվություններում ներկայացված են որպես իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Գործարանը «Մեգատեքս»-ի բաժնետոմսերի համար վճարել է 9,4 մլն դոլար:

 

«Նաիրիտ»-ը 2011թ. «Ինթերնեյնլ կապիտալ գրուպ» բրիտանական ընկերությանն է վաճառել նույն «Մեգատեքս»-ի բաժնետոմսերը` շուրջ տասն անգամ ավելի էժան: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ՀՀ նախագահը վերջերս հայտարարություն է արել, որ այն պետք է գործի ու արտադրություն կազմակերպի, մենք անհրաժեշտ ենք համարում մեկընդմիշտ սպառիչ պատասխան ունենալ` «Նաիրիտ»-ի խնդիրների հետ կապված՝ այս ժամանակավոր հանձնաժողովի միջոցով»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այդ խնդրով Դաշնակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել ՀՀ էներգետիկայի նախարարի հետ: Նա նշել է, որ քանի դեռ բանակցություններ են ընթանում «Նաիրիտի» շուրջ, աննպատակահարմար է այդ հարցը բարձրացնելը: Պատգամավորը նշեց, որ դեմ է նախարարի այդ մոտեցմանը, քանի որ ԱԺ-ն պետք է մասնակցի այդ գործարանի ճակատագրին ու փորձի հստակություն մտցնել այդ խնդիրներում: