կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 12:50
Քաղաքական

ՀՀԿ-ն տապալեց. «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով չի ստեղծվի

ՀՀԿ-ն տապալեց. «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով չի ստեղծվի

 ԱԺ-ն չընդունեց Դաշնակցության ներկայացրած` «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 55:

 

Մինչ քվեարկությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրել: Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իրավիճակն այնպիսին է, որ, քաղաքական և տնտեսական տեսանկյունից, հանձնաժողովի ստեղծումն իր հիմնական նպատակին չի ծառայելու, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

 

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 19-ին բացասական եզրակացություն էր տվել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծին: ՀՅԴ խմբակցությունն այն ներկայացրել էր արտահերթ քննարկման:

 

Երբ ԱԺ-ում ընթանում էր նախագծի քվեարկությունը, խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին գործարանի աշխատակիցներն ու պահանջում էին ստեղծել հանձնաժողով, որը կքննի իրենց խնդիրները, այդ թվում` աշխատավարձերի պարտքի հարցը: Մոտ հարյուր մարդ սպասում էր Ազգային ժողովի որոշմանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի աշխատակիցները նշեցին, որ իրենց հետաքրքրում է միմիայն իրենց աշխատանքի ու աշխատավարձերի հարցը, թե ինչ պատճառաբանությամբ է Հանրապետականը մերժում հանձնաժողովի ստեղծումը, իրենց չի հետաքրքրում: