կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 15:58
Հասարակություն

Ղալաթ է արել. նաիրիտցիները վարչապետի ելույթից «հուշտ են եղել»

Ղալաթ է արել. նաիրիտցիները վարչապետի ելույթից «հուշտ են եղել»

Մինչ Ազգային ժողովում քննարկվում է ՀՅԴ-ի կողմից առաջարկված` «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, ԱԺ շենքի դիմաց հավաքվել են գործարանի մոտ հարյուր աշխատակիցներ, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ և կոչ են անում պատգամավորներին` հավանություն տալ հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

 

Նշենք, որ հավաքին մասնակցելու վերաբերյալ «Նաիրիտ»-ում տարաձայնություններ են առաջացել: Բանն այն է, որ որոշ նաիրիտցիների հույս են ներշնչել «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրով «Նաիրիտ»-ի նոր գործարանի կառուցման վերաբերյալ` վարչապետի հավաստիացումները:

 

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել են Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագիրը: Տիգրան Սարգսյանի հավաստիացմամբ`   «Նաիրիտ»-ի` նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են ներկայիս «Նաիրիտ»-ի աշխատողները:

 

Այդ կապակցությամբ երեկ ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը, որը մինչ այս կազմակերպել էր նաիրիտցիների բողոքի ակցիաները, երեկ հայտարարություն տարածեց, որ իրենք ժամանակավորապես դադարեցնում են ցույցերը` կապված «Նաիրիտ» գործարանի հետ: Սակայն, չնայած դրան, ԱԺ-ի դիմաց այսօր հավաքվել էին տասնյակ նաիրիտցիներ:

 

Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է` գործարանի աշխատակիցների շրջանում պառակտում է առաջացել, աշխատակիցներից մեկը պատասխանեց, որ ոմանց երևի հույս է տվել վարչապետի ելույթը: Իսկ մեկ այլ քաղաքացի էլ պնդեց հակառակը. «Ոմանց վարչապետի ելույթը հուշտ է արել»: Մեկ ուրիշն էլ ասաց. «Վարչապետը ղալաթ է արել»:

 

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք: Գործարանի աշխատակիցներին, որոնց չի վճարվել ավելի քան մեկ տարվա աշխատավարձ, միայն օրեր առաջ` հերթական ցույցից հետո, փոխանցվել է մեկ ամսվա աշխատավարձը:

 

Հավաքվածները yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ մինչև նոր գործարանի կառուցումն իրենց այդպես էլ չեն վճարի չստացած աշխատավարձերը:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: