կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-16 07:11
Իրավական

Միայն թե բռնության կոչեր չանեն

Միայն թե բռնության կոչեր չանեն

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում տարածված լուրերին, թե քննչական գլխավոր վարչության 50-60 ոստիկան աշխատանքից ազատվելու դիմում են պատրաստվում գրել: Պատճառը ՀՀ քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Վահան Խանզադյանին ապրիլի 11-ին կալանավորելն է (Խանզադյանը մեղադրվում է 2 տարի առաջ Գավառ քաղաքում 3 հոգու դեմ մահափորձ կատարելու փաստի առիթով հարուցված քրեական գործը սխալ ուղղությամբ տանելու, հանցագործներին չբացահայտելու եւ գործը կասեցնելու մեջ):

Քննիչները կարծում են, որ նրա ձերբակալությունը պարզապես ոստիկանության ղեկավարության կողմից «պլանի» կատարում է:

Ոստիկանապետը հերքել է այդ տեղեկությունը` նշելով, որ քննիչներն ընդամենը հավաքվել են քննչական գլխավոր վարչության պետի մոտ` քննարկելու իրենց գործընկերոջ ճակատագիրը: «Բնական եմ համարում այն, որ իրենք անհանգստացած են իրենց գործընկերոջ ձերբակալության համար: Բայց դիմում գրելու որեւէ դեպք չկա»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

Իսկ Հովհաննես Թամամյանի եւ մյուս աղմկահարույց ձերբակալությունների վերաբերյալ ոստիկանապետը որեւէ տեղեկություն չհայտնեց` հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. «Թողեք թող քննությունն ավարտվի»:

Սակայն, այնուհանդերձ, նա անդրադարձավ Գեւորգ Մհերյանի սպանության գործին` հայտնելով, որ արդեն մեկուկես ամիս է` գործը դատախազության վարույթից տեղափոխվել է ոստիկանության վարույթ, առաջ ենք քաշվում նոր վարկածներ` համակողմանիորեն քննելու համար:

Ոստիկանապետը բացատրեց նաեւ ընդդիմության հանրահավաքների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքի «բարեփոխումը», մասնավորապես` Ազատության հրապարակը ցուցարարների առջեւ բացելը` նշելով, թե ընդդիմությունն ավելի կոռեկտ է դարձել, «պետության հիմքերը խարխլող կոչեր չի անում», հետո էլ կթողնեն, եթե բռնության հայտարարություններ չանեն:

«Ոստիկանության վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ երբեք դաժան կամ ոչ օրինաչափ չի եղել: Իսկ այս պահին մենք ընդդիմության հետ պրոբլեմ չունենք»,- հայտարարեց Ալիկ Սարգսյանը: