կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 11:54
Քաղաքական

Կողմ է, որ վարչապետի օֆշորային սկանդալի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի

Կողմ է, որ վարչապետի օֆշորային սկանդալի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համամիտ է այն տեսակետին, որ ԱԺ-ն զբաղվի վարչապետի անվան հետ կապվող օֆշորային ընկերության սկանդալային պատմությունով, թեկուզ` ժամանակավոր հանձնաժողով ստեղծի եւ ավելի խորությամբ գործն ուսումնասիրի: Այս մասին Աղվան Վարդանյանը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում եւ նշեց, որ այդ հանձնաժողովի անհրաժեշտությունը բխում է այն բանից, որ ամբողջական վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ:

 

«Մամուլում, ի վերջո, հրապարակումներ են եղել, որ ժամանակին Աշոտ Սուքիասյանը Հայաստանում է եղել եւ կարողացել է երկրից դուրս գալ, երբ որ դրա իրավունքը չի ունեցել»,- ասաց Վարդանյանը:

 

Օֆշորային պատմության հետ կապված անունների շրջանակն ինքնին հետաքրքիր է, եւ, ըստ Վարդանյանի, խնդիրը նաեւ մեր ազգային պետական անվտանգության ոլորտից է, ու շատ լրջորեն դրանով պետք է զբաղվել, հերքելիքը` հերքել, իրականությունը` հաստատել: Որեւէ մեկին մեղադրել կամ արդարացնել ՀՅԴ-ական պատգամավորը չի ցանկանում, դատավոր չէ: Աղվան Վարդանյանը չի էլ բացառում, որ տասնյակ ուժերի կամ անհատների, կամ էլ ներքաղաքական զարգացումների առումով կարող էր նման սկանդալի հետաքրքրություն առաջանալ:

 

«Գիտե՞ք, խնդիրը որն է, օրինակ` եղել է դեպք, երբ մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված հրապարակում է եղել, եւ փոխանակ այդ պաշտոնյան, նրա աշխատակազմը խնդրով զբաղվեն, ամբողջ մեկ շաբաթ մտածել են, զբաղվել են` արդյո՞ք այդ հրապարակումը եղել է նախագահականի, նախագահի իմացությամբ, թելադրանքով, թե՞` ոչ»,- նշեց Վարդանյանը: