կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 13:36
Հասարակություն

"Զվարթնոց" օդանավակայանի կլոր շենքը խանգարո՞ւմ է ֆունկցիոնալությանը

"Զվարթնոց" օդանավակայանի կլոր շենքը խանգարո՞ւմ է ֆունկցիոնալությանը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը մասնագիտացած է օդանավակայանների կառավարման մեջ` ունի 40-ից ավելի օդանավակայան, եւ նրանց կարծիքը` կապված «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի ապամոնտաժման հետ, արդեն իսկ հայտնի է եւ ոչ մի փոփոխություն չի կրել. այսօր ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:

 

Իսկ այդ կարծիքը հետեւյալն է` օդանավակայանի տարածքում պետք է լինեն շինություններ, որոնք, ֆունկցիոնալ առումով, կծառայեն օդանավակայանի կարիքներին: Իսկ հին` կլոր մասնաշենքը դեռեւս 10 տարի առաջ, երբ որոշվեց օդանավակայանի նոր մասնաշենք կառուցել, չէր համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:

 

Հետեւաբար, նշեց Անդրանիկ Շխյանը,  այդ շենքը այն նպատակի համար, ինչի համար որ նախագծվել ու կառուցվել է դեռեւս 40 տարի, այլեւս չի կարող օգտագործվել:

 

Yerkir.am-ի  դիտարկմանը, թե շենքը, իր առաջնային նպատակից  բացի, արդեն խորհրդանիշի նշանակություն էլ է ձեռք բերել, Շխյանը պատասխանեց. «Մենք օդանավակայանների կառավարիչ ենք, մենք այդ ոլորտում ենք մասնագիտացած, մենք ճարտարապետների եւ մշակութային կարծիք չենք կարող հայտնել: Մեր գործն է` հայտնել կառավարությանը, որ եթե մենք ուզում ենք ունենալ էֆեկտիվ օդանավակայան, որը նաեւ հաջորդ 40-50 տարիների ընթացքում իր էֆեկտիվությունը չի կորցնի, ապա այդ շենքը այդ տեղանքում խոչընդոտ է հանդիսանում, ինչպես նաեւ խոչընդոտում է որակյալ սպասարկում իրականացնելու համար ու առաջացնում է ապահովության խնդիր մեր ընկերության համար, որին հանձնված է ի պահ»:

 

Որպես քաղաքացի` ընկերության գլխավոր մենեջերի տեղակալը եւ ընկերության մյուս ներկայացուցիչները եւս  դրական կարծիք ունեն շենքի արտաքին տեսքի մասով, բայց դա, ինչպես նշեց Ա. Շխյանը, բացարձակապես կապ չունի օդանավակայանի կառավարման հետ:

 

Հետաքրքրվեցինք, թե հնարավոր չէ՞ր, արդյոք, ֆունկցիոնալությունը բարձրացնելու առումով հին շենքի կողքին նոր շենք կառուցել ու այդ հին շենքին ձեռք չտալ: «Արմենիա» միջազգային օդանավակայններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջերի տեղակալը նշեց, թե պլանավորման համար օդանավակայանների կառավարիչները առաջնորդվում են միջազգային փաստաթղթերով ու միջազգային կազմակերպությունների ձեռնարկներով, որոնք, տվյալ պարագայում, օդանավակայանների կառավարման ձեռնարկն է եւ նախատեսում է, որ օդանավակայանի տարածքում պետք է լինի վազքուղի, պետք է լինեն ղեկուղիներ, պետք է լինի ուղեւորային սպասարկման համալիր եւ այլն, ու չի նախատեսվում, որ պետք է լինի եւս մեկ կառույց, որն անմիջական տեղակայված լինի ուղեւորի սպասարկման գոտում ու չծառայի այդ նպատակներին:

 

«Հետեւաբար, որեւիցե բան անել այդ շենքի հետ, ըստ մեզ, նպատակահարմար չէ: Միգուցե կառավարությունը որոշի դա անել: Այդ պարագայում կառավարությունը պետք է դրա համար իր միջոցները հատկացնի: Մենք` որպես կառավարող ընկերություն, այդ միջոցները նպատակահարմար չենք գտնում այդ հին շենքի վրա ծախսել: Հակառակ պարագայում` դեռեւս 10 տաի առաջ, երբ դեռ նոր քննարկվում էր նոր շենքի կառուցումը, այն ժամանակ արդեն եղավ այս քննարկումը, եւ որոշում կայացվեց կառուցել նոր մասնաշենք, որն իր ֆունկցիոնալությամբ այսօր մյուս օդանավակայաններին համահունչ կլինի, այլ ոչ թե կառուցված լինի դեռեւս 40 տարի առաջվա չափանիշներով»,- նշեց Անդրանիկ Շխյանը:

 

Նա ավելացրեց, որ, համաձայն սեյսմիկ պաշտպանության`  իրենց վերջին եզրակացության, շենքն այսօր ունի որոշակի խնդիրներ, եւ որոշ հատվածներ` հանգույցներ, արդեն իսկ այդ զեկույցում նշված են որպես բավականին վըտանգավոր եւ պարտադիր կերպով ենթակա են ապամոնտաժման: Հետեւաբար, շեշտեց Շխյանը, այդ պատասխանատվությունը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն չի ուզում կրել: