Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
26-ամյա Վարդան Մարտիրոսյանը, ով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու համար դատապարտվել է չորսուկես տարվա ազատազրկման, մինչ ձերբակալվելն աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրում` որպես մաքսային միջնորդ: Նա միաժամանակ եղել է բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության աշխատակից:
Վարդան Մարտիրոսյանը մեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների` թմրանյութերի մաքսանենգությանն օժանդակելու և իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու, փոխադրելու մեջ (ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մաս և 206-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ):
Ըստ մեղադրանքի` ԻԻՀ երկու քաղաքացիները մաքսանենգությամբ ՀՀ տարածք են տեղափոխել թմրամիջոցը և դրանք փոխանցել Մարտիրոսյանին` արտասահմանյան երկրներ օդանավով բեռնափոխադրումը և մաքսային հայտարարագրման գործընթացը կազմակերպելու համար:
Սակայն, Վարդան Մարտիրոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքով, դատարանը բացահայտ անարդար վճիռ է կայացրել իր վստահորդի նկատմամբ ` հաշվի չառնելով մի շարք փաստական հանգամանքներ:
Նշենք, որ հիշյալ գործը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ դատարանում և վաղն այս գործով դատաքննություն է նշանակված:
Ըստ Մարտիրոսյանի փաստաբանի` իր պաշտպանյալին հայտնի չի եղել, որ առաքվող բեռներում թմրամիջոց է եղել թաքցված, ավելին` որպես մաքսային միջնորդ` նա անգամ որևէ իրավունք կամ պարտականություն չի ունեցել` զննելու առաքման ենթակա բեռների ներքին պարունակությունը: Բացի այդ` ԻԻՀ քաղաքացիները թմրամիջոցի մասին Մարտիրոսյանին տեղյակ չեն պահել: Այդ հանգամանքը, ըստ փաստաբանի, դատաքննության ընթացքում հաստատել է նաև թմրանյութերի իրացումը կազմակերպող անձը:
Նշենք, որ երկու տարուց ավելի տևած քննության ընթացքում մեղադրանքը պաշտպանող դատախազ Ամիրզադյանը դատարանին միջնորդել էր Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 2015-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` պահանջելով նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման, սակայն դատաքննության ավարտական փուլում դատախազը հրաժարվել է 266-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքից:
Սաֆարյանի կարծիքով` մեղադրողն ամբողջությամբ պետք է հրաժարվեր մեղադրանքից: Ի դեպ, փաստաբանը դատաքննության ընթացքում մի քանի անգամ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել, սակայն` ապարդյուն:
Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալի հայրը` Հայկ Մարտիրոսյանը, ասաց, որ մինչև վերջ գնալու են` արդարության հասնելու համար` ընդհուպ մինչև Եվրադատարան:
Նշենք, որ թմրանյութեր տեղափոխելու համար մեղադրվող` Իրամի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն էլ դատապարտվել են 11 և 14 տարվա ազատազրկման: