Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը ճարտարապետական օրիգինալ կառույց է, որը մեր պահպանվող հուշարձանների ցանկում ներառված չէ, բայց մեր ճարտարապետները գնահատում են դա որպես լուրջ ճարտարապետական աշխատանք' մոդեռնիզմի ժառանգություն, որ մենք ստացել ենք. կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը' անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի` 2014-2017 թվականների մաստեր պլանին ու օդանավակայանի կլոր շենքը քանդելու առաջարկին:
Վարչապետը նշեց, որ, ըստ էության, ենթադրվում են շուրջ 102 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանը, որը ճանաչվել է ԱՊՀ երկրներում լավագույն օդանավակայան, հնարավորություն է ստանալու բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել տուրիզմը, և մենք չենք կարող թերագնահատել օդանավակայանի կարևորությունը մեր երկրի կյանքում:
Տիգրան Սարգսյանը միևնույն ժամանակ արձանագրեց, որ այս պահի դրությամբ առկա է մի խնդիր, որի շուրջ Հայաստանում բուռն քննարկումներ են ծավալվել: «Խոսքը կոնցեսիոների կողմից կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ ներկայացված առաջարկի մասին է: Հասկանալի է, որ կլոր մասնաշենքը ֆիզիկապես քայքայված վիճակում է, և, ըստ փորձագետների գնահատականների, պահանջվում են 15-20 միլիոն դոլարի ներդրումներ, և դա չափազանց ծախսատար գործառույթ է, դրա համար առաջարկվում են ճարտարապետական այլ լուծումներ»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա` կառավարությունը պետք է նույնպես դիմի կոնցեսիոներին, որպեսզի այդ լրացուցիչ քննարկումները տեղի ունենա և գտնվեն այնպիսի լուծումներ, որ հնարավոր լինի պատմամշակութային, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններն ինչ-որ ձևով պահպանել:
Տիգրան Սարգսյանը նշեց այդ ձևերից մեկը. «Կա հետաքրքիր առաջարկ, որը միգուցե նույնպես իմաստ ունի քննարկել, մասնավորապես' օդանավակայանի տարածքում մի ճարտարապետական այնպիսի լուծումով այգի կառուցել, որտեղ մեր ճարտարապետական հուշարձանները և ժամանակին մեր քաղաքի դեմքը հանդիսացող կոթողներըտեղադրվեն այդ այգում: Նման փորձ կա Բրյուսելում, եթե ձեզանից ոմանք տեսել են «Մինի Եվրոպա» թաղամասը, որը տուրիզմի համար մեծ գրավչություն է ներկայացնում և հագեցած է եվրոպական նշանակալի ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, կոթողներով: Միգուցե մենք մեր ճարտարապետների հետ կարող ենք գտնել այդպիսի լուծումներ, որպեսզի պահպանենք այդ ժառանգությունը, այդ թվում` նաև սովետական մոդեռնիզմից ստացված ժառանգությունը»:
Տիգրան Սարգսյանը հանձնարարաեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին' իրենց խնդրանքը փոխանցել կոնցեսիոներին, ինչպես նաեւ ինքնուրույն նախաձեռնել այդ քննարկումները, որպեսզի այդ վիճահարույց կետը նույնպես լուծվի: