Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը քանդելու խնդիրն արդեն լուծված է կառավարության հետ' հաստատ քանդվելու է, քանի որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից կառավարությանը ներկայացված մաստեր-պլանը, որով նախատեսված էր նաեւ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժում, հաստատվել է կառավարության կողմից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր մեկ անգամ եւս վերահաստատեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Մաստեր-պլանը հաստատելու ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել առաջարկով, որն ընդունելի է եղել նաեւ Էռնեկյանի թիմի համար, որ եթե մշակութային ժառանգության պահպանության խնդիրներ կան, ապա պետք է փորձ արվի այգու, պարկի պես վայր ստեղծել, որտեղ կհավաքվեն մշակութային կամ ճարտարապետական արժեք ներկայացնող շենք-շինությունների մակետները:
«Հիմա այդ խոսքը ես փոխանցել եմ նաեւ Էռնեկյանի թիմին' կոնցեսիոներին, իրենք դրական են ընդունել, հիմա այդ փոփոխությունը նրանք մոտ օրերս կներկայացնեն, որ դրական են ընդունում: Բայց լուծման վերջնական տարբերակը, թե ինչպիսին կլինի, նրանք մինչեւ այս տարվա վերջը ժամանակ են խնդրել` ներկայացնելու համար»,- ասաց Մովսիսյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ շենքի տեղափոխում եւս չի լինելու, քանի որ դա մեծ ծախսեր է պահանջում, եւ կառավարությունը կլինի, թե` մեկ այլ կառավարիչ, այդ ծախսերի տակից շատ մեծ դժվարությամբ դուրս կգա: