Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 2-ին Երեւանում` Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում տեղադրվեց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձան, անունն էլ` «Միացյալ խաչ»: Գեղեցիկ էր արձանը, թե` ոչ, լավ տեղ էր ընտրված այն տեղադրելու համար, թե` ոչ, դա չէ մեր հոդվածի խնդիրը. արձանի տեղադրման օրվանից Yerkir.am-ը փորձում է պարզել` ի՞նչ հիմքերով եւ ե՞րբ է որոշվել, որ այդ արձանը պետք է տեղադրվի ու բացումն էլ կազմակերպվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության օրը:
Երեւանի քաղաքապետարանից մեզ հավաստիացնում էին, թե արձանի տեղադրման որոշումը կայացվել է դեռեւս 2012 թվականի ապրիլի 27-ին, ու դրա համար անհրաժեշտ բոլոր իրավական ակտերն էլ կան: Քաղաքապետարանի որոշ աշխատակիցեր էլ հավաստիացնում էին, թե կարող են ցանկացած ժամանակ մեզ տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:
Yerkir.am-ը նամակով դիմեց Երեւանի քաղաքապետարան` խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե Երեւանի ավագանու ո՞ր նիստում է հայ-ռուսական բարեկամության` «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձանի տեղադրմանը վերաբերող քննարկում ընթացել կամ որոշում ընդունվել, «Միացյալ խաչ» հուշարձանի տեղադրման մասին որոշումը ե՞րբ է կայացվել քաղաքապետի կողմից, նաեւ խնդրել էինք երկու դեպքում էլ նշել կոնկրետ ամսաթվերն ու մեզ տրամադրել դրանց մասին համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Երկու օրից մեզ ուղարկեցին պատասխան, որով քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեզ էր ներկայացնում Երևանում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության արձան տեղադրելու մասին` Երևանի քաղաքապետի` 2012 ապրիլի 27-ով թվագրված որոշման լուսապատճենը` միայն:
Դրանում նշվում էր. «Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ Երեւան քաղաքին նվիրաբերվող' հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձան տեղադրելու նպատակով.
1.Թույլատրել Երեւանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում տեղադրել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձան:
2.Սահմանել, որ արձանի տեղադրման համար առանձնացված հողատարածքի սահմաններն որոշվում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից տրված հատակագիծ-սխեմայով...» եւ այլն:
Քանի որ փաստաթղթում հղում էր արված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասին, ապա նշենք, որ օրենքի 49-րդ հոդվածի' «Քաղաքապետի իրավական ակտերը» վերնագրված 1-ին մասը սահմանում է. «Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ»:
Սակայն այստեղ հարկ է հիշել նաեւ, որ նույն օրենքի 12-րդ հոդվածի` «Ավագանու լիազորությունները», 1-ին մասի 19-րդ կետը սահմանում է. «Ավագանին որոշում է ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքի վերաբերյալ»: Իսկ 20-րդ կետը սահմանում է. «Ավագանին որոշում է ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երեւան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքի վերաբերյալ»: Ըստ 20.1-րդ կետի` «Ավագանին որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին», 23-րդ կետը'` «Ավագանին որոշում է ընդունում Երեւանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոuայգիների, Երեւանի ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ»: Եվ վերջապես 32-րդ կետը նշում է. «Ավագանին սահմանում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով), ինչպես նաեւ այն պայմանները, որոնց պարագայում քաղաքաշինական գործունեությունը թեեւ իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս, սակայն ունի քաղաքային նշանակություն»:
Պարզ է դառնում, որ այդ արձանի տեղադրումը միայն Երեւանի քաղաքապետի որոշմամբ` առանց Երեւանի ավագանու համապատասխան նիստի ու որոշման, ուղղակի անհասկանալի է: Հենց այս նկատառումով էինք քաղաքապետարանից խնդրում տեղեկատվություն տրամադրել, թե Երեւանի ավագանու ո՞ր նիստում է հայ-ռուսական բարեկամության հուշարձանի տեղադրմանը վերաբերող քննարկում ընթացել կամ որոշում ընդունվել: Ճիշտ է, լրացուցիչ զանգահարեցինք քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն` խնդրելով մեզ տրամադրել նաեւ ավագանուն վերաբերող մասի պատասխանը, որը խոստացան ուղարկել, բայց մինչ օրս այդպես էլ ոչ մի փաստաթղթի պատճեն չենք ստացել:
Իսկ քաղաքապետի որոշման փաստաթղթի պատճենում էլ հստակ երեւում է, որ հիմնական տեքստը հավաքված է համակարգչով, իսկ փաստաթղթի' քաղաքապետարանի հասցեի, փաստաթղթի համարի ու ամսաթվի հատվածը` այլ տառատեսակով, որւ գրամեքենայի տառատեսակ է հիշեցնում...
Հաշվի առնելով վերը շարադրվածը` մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ արձանի տեղադրման վերաբերյալ ավագանու որեւէ նիստ կամ որոշում էլ չի եղել, իսկ քաղաքապետի որոշումը ձեւակերպվել է հետին թվով, առավել եւս, որ քաղաքապետարանի կայքում նույնպես ավագանու նիստի կամ որոշման մասին որեւէ տեղեկություն այդպես էլ չգտանք :
Բայց այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ... Արձան տեղադրելու մեջ ոչ մի վատ բան չկա, առավել եւս` թաքցնելու, եւ դա կարելի էր հանգիստ, ըստ կանոնակարգերի ու պահանջվող նորմերի իրականացնել եւ չընկնել կրակը: Թե՞ քաղաքապետարանում վախենում են, որ իրենց «կմեղադրեն» ռուսներին դուր գալու համար ափալ-թափալ որոշում ընդունելու եւ արձան տեղադրելու «հանցանքում»: Այնինչ քծնելը հանցանք չէ, այլ մարդկային որակ, իսկ հետին թվով կամ ընթացակարգի խախտմամբ որոշում ընդունելը...
Գեւորգ Ավչյան
Ստորեւ ներկայացնում ենք քաղաքապետարանից Yerkir.am -ին ուղարկված` Երեւանի քաղաքապետի որոշման պատճենը: