Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունների լարվածությունը շարունակում է խորանալ: Ռուսաստանի մաքսային ծառայության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ Բելառուսը միակողմանիորեն վերականգնել է մաքսակետերը ռուս-բելառուսական սահմանին և իրականացնում է Ռուսաստանից մուտք գործող բեռնատար ավտոմեքենանների ստուգում, ինչի պատճառով սահմանին հսկայական հերթեր են գոյացել:
Այս որոշումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համարժեք պատասխանն էր բելառուսական, ինչպես նաև Ղազախստանի համար նախատեսված եվրոպական արտադրության մթերքի` այդ երկրի տարածքով ներմուծման վրա ՌԴ-ի կողմից ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու որոշմանը: Ինչպես հայտնի է, ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը», փորձելով կանխել ԵՄ-ի նկատմամբ իր սահմանած պատժամիջոցները շրջանցելու ճանապարհով եվրոպական արգելված գյուղմթերքը մաքսանենք ուղիներով ռուսական շուկաներ հասցնելու պրակտիկան, ուղղակի արգելեց բելառուսական կամ որպես այդպիսին փաթեթավորված պարենամթերքի մուտքը երկիր` հայտարարելով, թե դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության պահանջներին: Իրավիճակը չփոխվեց նույնիսկ Լուկաշենկոյի հնչեցրած սուր քննադատություններից հետո, երբ Բելառուսի նախագահը բացահայտորեն սպառնաց այդ որոշումը չվերանայելու պարագայում համարժեք քայլերի դիմել, ինչը և, ըստ էության, անում է մաքսակետերը վերականգնելու միջոցով:
Թե' Բելառուսը և թե' Ռուսաստանն այս հակամարտությունը ծավալում են` երկկողմանիորեն հակադրվելով իրենց իսկ ստեղծած Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության փիլիսոփայությանը, բայց որ շատ ավելի էական է` դրանց ստեղծման պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Ըստ այդ պարտավորությունների` նրանք ոչ միայն պետք է միասնական մաքսային ռեժիմներ կիրառեն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար, այլև միության տարածքում որևէ խոչընդոտ չստեղծեն ապրանքաշրջանառության համար: Բելառուսն օգտվում է Ռուսաստանի և ԵՄ-ի հակամարտությունից և, ստանձնելով Ռուսաստանի համար մաքսանենգ ապրանքների ներկրման յուօրինակ խողովակի դեր, փորձում դրանից տնտեսական դիվիդենդներ շահել, հարստանալ Ռուսաստանի հաշվին: Ավելին` դրանով Մինսկը փաստացի հարվածում է Ռուսաստաանի հեղինակությանը` բացարձակապես իմաստազրկելով ԵՄ-ի նկատմամբ վերջինիս սահմանած տնտեսական պատժամիջոցները: Իր հերթին, Ռուսաստանը, խնդիրը հարթելու համար ոչ թե դիմում է ընդունված քաղաքակիրթ` բանակցային եղանակների, այլ կիրառում է «կացնային» մեթոդներ, որոնք ոչ միայն անիմաստ են դարձնում Մաքսային միության գոյությունն` ընդհանրապես, այլև մերկացնում դրա անդամ երկրների` բոլորովին տարբեր, երբեմն նույնիսկ հակադրվող տնտեսա-քաղաքական շահեր հետապնդելու իրողությունը:
Անկախ այն հանգամանքից` ինչպիսի հանգուցալուծում կստանա այս հակամարտությունը, այն արդեն Հայաստանի համար որոշակի տագնապահարույց ազդակներ է պարունակում: Չի բացառվում, որ Ռուսաստանն ու Բելառուսն, ի վերջո, ընդհանուր լեզու կգտնեն: Ինչպես միշտ, Լուկաշենկոն որոշ զիջումներ կկորզի Մոսկվայից, և, հանուն ԵՏՄ-ի ֆիզիկական գոյությունը պահպանելու, Ռուսաստանը կարող է հաշվի նստել Բելառուսի պահանջների հետ: Բայց անկախ դրանից` այս միջադեպն առարկայորեն ցույց է տալիս, որ Մինսկի, Մոսկվայի, մեծ հաշվով` նաև Աստանայի համար փաստացի ոչ մի արժեք չունեն ՄՄ-ի և ԵՏՄ-ի համատեքստում ստանձնած իրավական պարտավորությունները, պայմանագրերը, և ինչպես միշտ, հարցերը լուծվում ու շարունակելու են լուծվել բացառապես անձնական հարաբերությունների մակարդակում: Կկարողանա՞ Լուկաշենկոն պայմանավորվել Պուտինի ու Նազարբաևի հետ, հարցերը կլուծվեն, չի կարողանա` ինքնագործունեության և միմյանց շահերն ու հետաքրքրությունները ոտնահարելու, արհամարհելու այս պրակտիկան ավելի ու ավելի կխորանա` ի վերջո, ձևավորելով մոտավորապես այնպիսի մի մշակույթ, որը բնորոշ էր Խորհրդային միությանը: Նման մշակույթում հաղթելու ավելի մեծ շանսեր ունենալու է այն երկիրը կամ դրա ղեկավարը, որն ավելի մեծ լծակներ ունի` ազդելու Կրեմլի և ռուսական քաղաքականության վրա:
Թե այս համատեքստում ինչ է սպասում Հայաստանին, թերևս ավելորդ բացատրությունների կարիք չունի: Բայց խնդիրը նույնիսկ սա էլ չէ: Եթե Մինսկն ու Մոսկվան այսքան հեշտությամբ արհամարհում են իրենց ստեղծած իրավապայմանագրային պարտավորություններն ու փոխադարձ հանձնառությունները, ապա պատկերացնել միայն կարելի է, թե ինչպես են վերաբերվելու բանավոր տարատեսակ պայմանավորվածություններին, որոնք, ասենք, ձեռք են բերել ԵՏՄ-ին անդամակցել ցանկացող երկրների, մասնավորապես` Հայաստանի հետ: Իսկ Հայաստանի հետ նման պայմանավորվածություններ ունեն, և դրանք առնչվում են բոլորի համար չափազանց զգայուն հարցի` ԼՂՀ-ի հետ սահմանին ձևական մաքսակետերի տեղակայմանը: Ակնհայտ է, որ ԵՏՄ անդամ երկրները և Հայաստանը նախընտրել են այս թնջուկը պարզապես չնկատել, քանի որ դրա վերաբերյալ, ինչպես ԱԺ-ում ՀՀ ֆինանսների փոխնախարարն է հայտարարել, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրում որևէ հստակեցում արված չէ: Այսինքն` ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետերը ձևական բնույթ են ունենալու բացառապես այն պատճառով, որ Պուտինը, Լուկաշենկոն և գուցե նաև Նազարբաևը Սերժ Սարգսյանին խոստացել են այլ բան չպահանջել: Ռուս-բելառուսական այս հակամարտության ֆոնին այլևս հասկանալի է դառնում, որ Հայաստանն իր կենսական շահերը պարզապես կախվածության մեջ է դրել նրանց համար ոչինչ չարժեցող և ցանկացած պահի խախտման ենթակա խոստումներից: Ու բոլորովին հարկավոր չէ, որ դրանք խախտվեն Հայաստանի և ԵՏՄ անդամ այս երեք երկրներից որևէ մեկի միջև ինչ-որ խնդիրներ առաջանալիս: Դրանք կարող են «ջրվել» նույնիսկ երեք երկրների փոխադարձ հարաբերությունների փչացման հետևանքով: Եվ չի բացառվում, որ եթե Հայաստանն արդեն լիներ ՄՄ-ի անդամ, ապա Լուկաշենկոն որոշեր Պուտինից իր նեղացածությունն արտահայտել` ղարաբաղյան մաքսակետերը ողջ ծավալով գործարկելու պահանջ ներկայացնելով: Դա կունենար շատ կոնկրետ բացատրություն` որոշակի զուգահեռներ անցկացնելու միջոցով: Հետևաբար, կարելի է ասել, որ ռուս-բելառուսական սահմանին տեղի ունեցողը մեծ հաշվով որոշում է նաև Հայաստան-ԼՂՀ սահմանին մաքսակետերի ճակատագիրը:
Գևորգ Դարբինյան