Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը խորհրդարանում տեւական ժամանակ շրջանառվող ուշագրավ տեղեկություն է հրապարակել, ըստ որի` ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր օլիգարխ կամ մեծահարուստ չեն, բացի ԱԺ-ի իրենց օրինական աշխատավարձից, ամսական 3 հազար ԱՄՆ դոլարի չափով «օգնություն» են ստանում հայրենի իշխանությունից։
Նշենք, որ ՀՀԿ մեծահարուստ, օլիգարխ, բիզնեսմեն պատգամավորներն էլ ՀՀԿ-ի բյուջեն են պահում: Սիրելի կուսակցությանը հատկացված գումարը, իհարկե, ամսական 3 հազար ԱՄՆ դոլար չէ, այլ մի քանի անգամ ավելի շատ:
Եվ ահա այդ բյուջեից 3 հազարական ԱՄՆ դոլար հասնում է «քյասիբ» պատգամավորներին: Հավելենք, որ, մեր տեղեկություներով, «քյասիբ» պատգամավորները, բացի այդ 3 հազար ԱՄՆ դոլարից (նրանք այդ գումարը ստանում են ծրարով, իսկ շատ հաճախ դրամի վերածված, ի դեպ` ամբողջը 20000-ոց թղթադրամներով), նաեւ «պրեմիաներ» են ստանում:
Ինչպես ֆուտբոլում` լավ խաղի դեպքում, այնպես էլ ՀՀԿ-ում` բոցաշունչ եւ ոգեւորված ելույթների համար, «պրեմիաների ֆոնդ» գոյություն ունի: Ընդ որում` «պրեմիայի» չափը կախված է նաեւ այն բանից, թե որքան անձնուրած ձեւով կարդարացնեն շեֆի այս կամ այն սայթաքումը կամ կողջունեն նրա այս կամ այն նախաձեռնությունը: Եվ ամենակարեւորն է, որ նյութը հայտնվի շեֆի սեղանին:
Այսպես ասած` քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից մեկը yerkir.am-ի թղթակցին պատմել է, որ ՀՀԿ-ից օգնություն ստացող պատգամավորներից են` Կարեն Ավագյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ու եւս մի քանիսը: Պատգամավորներից բացի, ըստ մեր աղբյուրի, որոշակի գումար է ստանում նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրան հատկացվող «օգնությունն», իհարկե, 3 հազար ԱՄՆ դոլարից ավելի է: Մարդն, ի վերջո, նախարար է:
Մեր թղթակցին վերոհիշյալ տեղեկատվությունը տրամադրած քաղաքական գործիչը շեշտել է, թե այդ պատգամավորներին օգնություն ցուցաբերելը նորմալ երեւույթ է` մարդիկ տուն են պահում, ընտանիքի ծախսերն են հոգում, մեքենա են վարկով վերցնում:
Եվ հետո` չեղած իշխանություններին գովերգելուն միայն ֆինանսական օժանդակությունը կարող է նպաստել, թե չէ` ինչ գաղափար, ինչ ծրագիր, խոստումների ինչ իրականացում:
Ուշագրավ է, որ երբ այսօր մեր թղթակիցը «պրեմիա» ստացող ՀՀԿ-ականներից մեկից` Սամվել Ֆարմանյանից փորձել է ճշտել տեղեկատվության իսկությունը, պատգամավորը, չլսելով հարցը մինչեւ վերջը, հասկանալով, որ խոսքը դրա մասին է, նախ պահանջել է իրեն նման հարցեր չտալ` նշելով, որ լրագրողի իրավունքն է հարց տալը, բայցեւ իր իրավունքն էլ հարցին պատասխանելուց հրաժարվելը: Հետո` անջատել է հեռախոսը: Սակայն մինչ անջատելը, պատգամավորն, իհարկե, արագ-արագ ասել է, որ նման բան չկա:
Հետաքրքիր է` եթե չկա, ապա ինչո՞ւ է Ֆարմանյանի կողմից համակարգվող կայքն այդ լուրը հրապարակել. փաստորեն, կա'մ Ֆարմանյանն, իրոք, չի ստանում, կա'մ դժգոհ է, որ ամսական «պրեմիան» չի ստացել, կամ էլ, որն ավելի մոտ է իրականությանը, ջրից չոր դուրս գալու համար «ծախում է ընկերներին»...
Բ. Գասպարյան