Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրի պռնկին կուչ եկած Պառավաքար գյուղը երեք կողմից հարևան է ադրբեջանական գյուղերին: Ժամանակին այս գյուղի ողջ կենցաղը կապված էր հարևանների հետ, և հակառակը՝ նրանք էլ Պառավաքարով էին ապրում: Առևտուր կար, հյուր գնալ ու գալ կար, քեֆ-ուրախություններին և տխրության պահին ձեռք սեղմել կար: Մի խոսքով` բարեկամություն էին անում, ինպես այստեղ է ընդունված ասել՝ դոստեր էին:
Ամեն ինչ քանդվեց, խաթարվեց, ու մի օր դոստերը դարձան հակառակորդներ: Հիմա արդեն այդ մասին հիշում են հնացած ալբոմների լուսանկարների պես: Մեկ-մեկ հիշողությունները թարմացվում են, երբ հին հարևանները հանդիպում են դրսում: Ասում են. «Շատ ա եղել, որ հանդիպել ենք դրսում: Իրենք են հարցնում` ոնց ենք, ինչ ենք: Դրսում, որ հանդիպում ենք, ընկերություն-ախպերություն ա: Վերևի խավն ա կռիվ գցում, ուրիշ ոչ մեկ»:
Պառավաքարցու հիմնական եկամուտը խողողագործությունն է: Դրանով են ապրում: «Ողջ տարին մշակում ենք մեր այգիները` վախը սրտներումս,- ասում են ու թևաթափ շարունակում,- գալիս է արդյունքներից օգտվելու պահը, ամեն ինչ իրար է խառնվում»:
Սեպտեմբերի 24-ին էլ բերքահավաք էր: Հնչեց կրակոց, հետո կրակոցը դարձավ կրակահերթ, իսկ քիչ անց այն վերածվեց հրթիռակոծության: Առաջին արկը պայթեց գյուղացիներին դաշտ բերած ավտոմեքենայի վրա:
«Բերքահավաք էր, հավաքեցինք, պրծանք, կրակոցները սկսվեցին, մտանք փոսը՝ թաքնվեցինք: Մտածեցինք` դուրս գանք, քանի ավելի չի թեժացել: Հենց դուրս եկանք, չիմացանք՝ «չորնի ստրելա» էր, ինչ էր` սկսեց մեզ վրա կրակել: Մի 10-15 հատ խփեցին մեզ վրա, նորից պառկեցինք փոսի մեջ: Դրանից հետո մերոնք պատասխանեցին, որ կարողանա ժողովուրդը դուրս գալ: Մի կերպ դուրս եկանք, հրաշքով պրծանք: Գրկել էինք երեխաներին, պառկել վրաները, որ եթե մի բան լիներ, մեզ լիներ, երեխաներին չլիներ»,- պատմում է Կամո Մամեխանյանը:
Գյուղացիները զարմացած են, ասում են` կրակոցներ միշտ էին եղել, բայց այս անգամվանն աննախադեպ էր: Հրթիռները պայթում էին գյուղի կենտրոնում, տների բակերում: Պայծառ Աղաջանյանի տունը, գյուղացիների վկայությամբ, գյուղի ամենաանվտանգ տեղում է:
«Էն տարիներին այս բակում էինք հավաքվում,- պատմում են ու ափսոսանքով նշում,- այդքան մարդկանց ապաստան տված Պայծառը իր «ապաստարանում» սպանվեց»:
Այգում գործ էր անում, երբ արկը պայթեց: Տիկին Պայծառի տղան ՝ Արամ Աղաջանյանը, տեսավ, թե ինչպես զոհվեց մայրը, չհասցրեց օգնել:
«Ընդեղ գործ էի անում, ինքն էլ ցելոֆան էր փռում այստեղ: Մեկ էլ շվոց լսեցի: Ես վախից չոքեցի: Մեկ էլ տեսա ստեղ տրաքեց ու բոց բարձրացավ»,- պատմում է նա: Տիկին Պայծառը միայն հասցրել է ձայնել տղային՝ «Արա~մ, հասի», բայց արդեն ուշ էր: Տղային հասցրեց տեսնել… ու հոգին ավանդեց:
Գյուղում ամենուր հրթիռակոծման հետքեր են: Մի արկը պայթել է հենց գյուղի կենտրոնում: Հիմա դրանց հետևանքներն են վերացնում: Պառավաքարցիները չեն հասկանում, թե ինչն էր սրացման պատճառը, ասում են` նույնիսկ կռվի ամենավատ տարիներին այսպես չէր: Իրար են հարցնում. «Էս ի՞նչ հաշվարկ էր, չհասկացանք»:
Ադրբեջանական վերնախավի հաշվարկներից բան չհասկացող պառավաքարցին վստահ է, որ այս վիճակը հարևան գյուղացիների սրտով էլ չէ: Ասում են` նրանց լավ են ճանաչում, չէին ուզենա այսպես լիներ: Վստահ են` հասարակ ժողովուրդը պատերազմ չի ուզի, բայց ուրիշ տեղից գալիս են, կռիվ են գցում՝ գնում:
Կյանքի ու մահվան սահմանագծին հայտնված պառավաքարցին իրեն անօգնական է զգում, արհամարհված: Ասում են. «Սենց ո՞նց կլինի, որ կողմը նայում ես` խնդիր է: Ողջ գյուղն անապահով է, ոչ մեկիս կյանքի վրա գարանտիա չկա: Գոնե այսքանից հետո իշխանությունները ձգվեն, մեզ հիշեն, ձեռք մեկնեն»: Իրենք էլ իրենց հարցին պատասխանում են՝ հույս չկա:
«Թուրքը վնաս է տալիս, հասկացանք, բայց մեզ հիմնական վնասը հենց մեր էլեկտրացանցն է տալիս,- դժգոհում են գյուղացիները:- Չենք իմանում` հոսանքի հետ ինչ են անում, էդ պահին տանը ինչ ունենք-չունենք տրաքում ա, ու ոչ մի փոխհատուցում չկա: Ստիպված գնում` նորն ենք առնում: Երկու տարի է` նույն վիճակն է: Չգիտենք` էլ ում դիմենք: Իրենց ենք դիմում, ասում են` դուք գիտեք պատճառը որտեղից ա, գնացեք իրեն դիմեք»:
Պառավաքարի ջրամբարը կիսով չափ դատարկ է: Պառավաքարցիներն ասում են` պաշտոնապես` դա ամառվա հետևանք է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` ջրի սակավության պատճառը ջրամբարին կից կառուցված ՀԷԿ-ն է, որն էլ քաշում-տանում է ջուրը և հետո այն դուրս թողնում դեպի Ադրբեջան: ՀԷԿ-ն իրենց պատգամավորինն է, որի անունը այդպես էլ չկարողացան հիշել (պատգամավորը ՀՀԿ-ական Գ. Մելիքյանն է. Խմբ):
«Պատգամավոր ունե՞ք» հարցին հետևում է հեգնանքով պատասխանը. «Երևի կունենանք էլի, առանց պատգամավորի ո՞նց կլինի»:
Երբ դուրս էինք գալիս Պառավաքարից, հանդիպեցինք փոքրիկ Կոստյային: Կոստյան խնամքով հավաքել էր նախորդ օրվա արկերի բեկորները և պահում էր: Ասաց` հիշելու համար է: Մշտապես պատերազմական գոտում ծնված և մեծացած նոր սերնդի մոտ հարևանների մասին հիշողությունը, ի տարբերություն ավագ սերնդի, այլ ընթացք է ստանում՝ բեկորային: