կարևոր
5536 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 15:24
Քաղաքական

Սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում․ Տիգրան Աբրահամյան

Սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում:

Պաշտպանության փոխնախարարը մի կողմից խոսում է այդ լիազորությունների սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում լինելու մասին, մյուս կողմից նշում, որ տեղերում հրամանատարները ըստ իրավիճակի, սահմանային խնդիրների շուրջ բանակցություններ են ունենում:

Մեկ ֆիքսում են, որ երեկ բանակցություն չի եղել, մեկ ասում, թե ադրբեջանցիները մոտեցել ու փորձել են խոչընդոտել հայ զինծառայողների ինժեներական աշխատանքները, այսինքն` տեղում շփում, բանակցություն է եղել:

Արձագանքիս, որ եթե բանակցություն կամ դրա պայմանավորվածություն չի եղել, ինչի է թույլատրվել ադրբեջանցիների անխոչընդոտ մոտենալը հայկական դիրքին, հստակ պատասխան չեղավ:

Իրականում խնդիրը նրանում է, որ չկանոնակարգվածության պայմաններում, սահմանային վեճերը թողնվում են զինծառայողների վրա ու այդ ամենը տեղի է ունենում իշխանության` «էսկալացիա թույլ չտալու» սկզբունքի ներքո:

Իշխանությունն իր որոշումների կամ դրա բացակայության պատճառով խոցելի է դարձնում մեր զինծառայողներին, իսկ հետևանքն արդեն գիտենք` 4 զոհ ու 6 վիրավոր:

Առանց այդ էլ մեր զինծառայողները ծանր առաքելություն ունեն, իսկ այս իշխանության պայմաններում դա ավելի բարդ ու վտանգավոր հետևանքներ է ունենում:

Որոշ մանրամասներ` տեսանյութի ձևով, կտեղադրեմ մեկնաբանություններում»: