կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 15:30
Հասարակություն

Էասպան հանդես

Էասպան հանդես

Մեզնից շատերն են թերևս հարատև կռվի մեջ լրատվամիջոցների ու մանավանդ սոցցանց կոչվող հաղորդակցության միջոցների մատուցած լեզվի հետ, մեզնից շատերն են երևի կիսագրագետ, գռեհիկ խոսքը միայն խմբագրելով «հանձնում» սեփական դատողությանը, որովհետև դեռ չեն ուզում հավատալ, որ մնացյալ ամեն ինչի հետ մեզանում կեղտոտվել ու նաև սեփականաշնորհվել է լեզուն: Սեփականաշնորհվել է հաստատ, որովհետև գեներալներն այլևս իրենց լեզուն ունեն, օլիգարխներն՝ իրենցը, գող ու գռփողներն՝ իրենցը, նույնիսկ պատգամավորներն են սեփական լեզու արարում (ականջը կանչի Գալուստ անկրկնելի Սահակյանի):

 

Այս պայմաններում բնական է մեր ամենօրյա ընդվզումը, որն առայժմ եթե ոչնչի չի էլ հանգեցնում, ապա մեզ՝ ընդվզողներիս, գոնե պահում է ինքնահարգանքը կորցրած չլինելու պատրանքի մեջ, որ էլի մխիթարություն է: Բայց բաներ կան, բայց բառեր կան, որոնց հանդեպ տողերիս հեղինակի ընդվզումն ամենօրյա է, որովհետև դրանք հանդիպում են ամեն օր և վաղուց նորմատիվային ձևերի կարգավիճակ են ստացել: Ես այդպես էլ չկարողացա հաշտվել, ահավասիկ, «մահվան ելք» անհեթեթության հետ, որ, ավաղ, հնչում-գրվում է նույնքան հաճախ, որքան հաճախ վթարներն ու պատահարներն են վերջին ժամանակներս շատացել: Մինչդեռ՝ «ելք»-ն ինչպե՞ս կարող է մահացու լինել, կամ մահն ինչպե՞ս կարող է ելք լինել, եթե այն արդեն ոչ թե ելք է, այլ հավիտենական անելություն ու անելանելիություն: Ինչպե՞ս կարող է զոհ լինել «վթարի արդյունքում», եթե դա այլևս ոչ թե արդյունք է, այլ անդառնալի հետևանք:

 

Չկարողացա համակերպվել համատարած ու ամենեցուն համակած այն ախտի հետ, որի «արդյունքում» զոհվում է հայոց հնամենի, նախագո և աստվածային «Է»-ն՝ տեղի տալով ոչինչ չնշանակող, ոչինչ չարժեցող ու սոսկ հնչյունի դեր ունեցող «ա»-ի առջև: Եվ էասպան այս նսեմ հանդեսում դերակատար ու տեր են մտավորականը, գիտնականը, չինովնիկը, հոգևորականը… Եվ ահա երբ բառերն են այսպես իմաստազրկվել, երբ խոսքերն են այսչափ ինքնաբացասմամբ լեցուն, մտածում եմ՝ եթե ի սկզբանե էր ԲԱՆԸ, ապա մի՞թե բանի այսօրինակ ոչնչացումը հիմա էլ սկիզբն է… վերջի:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ