Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Սույն թվականի նոյեմբերի 12-ին Ստեփանակերտում կայացել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում, որի ավարտին մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
Արձանագրելով՝ ՀՀ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջան» գաղափարին, որն արժանապատիվ խաղաղության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի և իրականում Արցախն ու Հայաստանը տանում է նոր պատերազմի ճանապարհով,
Հաշվի առնելով՝ ՀՀ իշխանությունների հարմարվողական, զիջողական, կրավորական կեցվածքը, որոնք իրենց գործողություններով խուճապ և պարտվողական տրամադրություններ են սերմանում հասարակության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում,
Փաստելով, որ այս օրհասական ժամանակահատվածում անհրաժեշտ է միավորվել և համախմբել համայն հայության ռեսուրսները՝ հանուն միասնական նպատակների ու պայքարի, որը ևս մեկ անգամ կվերահաստատի, որ Արցախն ու Հայաստանն ունեն կարմիր գծեր, որոնց հատումը նոր ողբերգությունների է հանգեցնելու, որի մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում նաև ապրիլի 14-ի և հոկտեմբերի 30-ի ԱՀ Ազգային Ժողովի և Արցախի բոլոր ուժերի կողմից ընդունված և հաստատված հայտարարություններով, ինչպես նաև Արցախի ժողովրդի աննախադեպ միասնական հանրահավաքով, Համոզված լինելով, որ ՀՀ իշխանություններն ի զորու չեն հայանպաստ քայլեր և գործողություններ իրականացնելու, Ականատես լինելով՝ ՀՀ իշխանությունների՝ Արցախը հանձնելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը զիջելու քաղաքականությանը՝Հայտարարում ենք.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետը և նրան սպասարկող վարչախումբը պարտավոր են անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները բավարարելուն ուղղված ստորացուցիչ գործընթացը:
2. Դատապարտում ենք հայ ժողովրդին պառակտող հակազգային բոլոր գործողությունները: Ստեփանակերտում կայացած բազմահազարանոց հանրահավաքը ևս մեկ անգամ ընգծեց Արցախի պետականության պահպանման և հազորացման հարցում հասարակության և քաղաքական ուժերի միանսականությունն ու դրա անհրաժեշտությունը:
3. Հայաստանի իշխանությունները պետք է վերջ դնեն Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային, աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ ներքաշելու գործողություններին:
4. Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հստակ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության վարչապետի և իշխանությունների ոչ հայանպաստ գործողություններին և այնպիսի կեղծ օրակարգին ինչպիսին է՝ «Արցախը հանձնելով փրկում ենք Հայաստանը» թեզը, քանզի Հայաստանը և Արցախն անվտանգային առումով մեկ ամբողջականություն են և նրանցից յուրաքանչյուրին ուղղված հարվածը հավասարազոր է մյուսի թիրախավորմանը:
5. Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավոր է հանդիսանում Արցախի պաշտպանության բանակը, ուստի անընդունելի է որևէ գործողություն, որն ուղղված է ԱՀ ՊԲ-ի հիմքերի թուլացմանն ու կազմաքանդմանը: Արձանագրում ենք, որ այսօր Արցախում խաղաղությունը և ԱՀ ժողովրդի անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ-ի և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի համատեղ ջանքերով:
6. Միջազգային հանրությունից պահանջում ենք տեր կանգնել իր իսկ կողմից հռչակված համամարդկային արժեքներին և դատապարտել Ադրբեջանի հայասպան, հայերի նկատմամբ ատելություն սերմանող, ագրեսիվ պահվածքը, միջազգային տարբեր գործիքակազմերով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ, սանձել Ադրբեջանին:
7. Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը պետք է վերադարձվի բանակցությունների սեղան, քանզի արցախահայության կյանքի, արժանապատվության, ազատության, իր ապագան ինքնուրույն տնօրինելու իրավունքները սակարկման ենթակա չեն:
8. Արցախը եղել է, կա ու մնալու է հայկական: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և հանուն այս նպատակի մենք պատրաստ ենք պայքարի:
Դիմում ենք.
1. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերին՝ եղած հնարավորություններն ու ռեսուրսները համախմբել հանուն հայրենիքի պաշտպանության, որի առաջին քայլը պետք է լինի իշխող վարչախմբի հեռացումը:
2. Աշխարհասփյուռ հայությանը խնդրում և հորդորում ենք ներդնել իրենց բոլոր միջոցներն ու կարողությունները՝ աշխարհի բոլոր երկրներում բարձրացնելու ու առաջ մղելու հանուն արժանապատվության, ազատության և ինքնորոշման իրավունքի պայքարող Արցախի հայության արդար պահանջները:
3. ԱՀ իշխանություններին՝ առաջնորդվել ԱՀ Սահմանադրությամբ իր վրա դրված Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության պարտավորություններով, ինչպես նաև ԱՀ ԱԺ կողմից ընդունված հայտարարություններով արձանագրված և Արցախի հանրության կողմից ընդունված կարմիր գծերով:
1. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն
2. ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
3. «Հայրենիք» կուսակցության երիտասարդական կազմակերպություն
4. ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն
5. Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական կազմակերպություն
6. «Ազգային արժեքների» պաշտպանման ճակատ հասարակական կազմակերպություն
7. «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հասարակական կազմակերպություն
8. «Արարատ» միջազգային համգործակցություն հասարակական կազմակերպություն
9. «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոն
10. «Կանանց և երեխաների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն
11. «Քաղաքացիական ՀԱԲ» հասարակական կազմակերպություն
12. «Միացյալ Հայաստան» հայրենասիրական հասարակական կազմակերպություն
13. «Ազգային Արցախ» հասարակական կազմակերպություն
14. ՀԱԵ Արցախի թեմի Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միություն
15. Հանուն Արցախի Պաշտպանության շարժում
16. Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհուրդ
17. «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանողական խորհուրդ
18. Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողական խորհուրդ
Սույն հայտարարությունը բաց է և կարող են միանալ բոլոր ազգային ուժերը: