Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրավունք» թերթը գրում է․ «Ֆրանսիայի հրապարակում նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, խորհրդարանական ընդդիմությունը հրավիրում է միասնության հանրահավաքի՝ շեշտելով, որ միասնությունը ոչ թե որեւէ անձի կամ ուժի, այլ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ է: Այս մասին զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
- Պարոն Սաղաթելյան, փաստորեն, հանրահավաքով եւս մեկ անգամ արձանագրելո՞ւ եք, որ դեմ եք հիմնախնդրի լուծման արեւմտյան տարբերակին, որով նախատեսվում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:
- Ամեն ինչ շատ պարզ է, նաեւ վերջին Ազգային ժողովի հայտարարություններին մասնակցելու մեր նպատակն էր, որ հստակ արձանագրվեր՝ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է: Ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Ընդ որում՝ լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, չինական, հնդկական, թե արեւմտյան, կապ չունի: Որեւէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է: Էլի եմ ասում՝ մինչեւ վերջ պայքարելու ենք դրա դեմ: Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը եւ մանդատը` միայնակ որոշելու հինգհազարամյա ժողովրդի ճակատագիրը: Բազմաթիվ անգամ ասել ենք՝ սա միայն Արցախի հարցը չէ, այլ Հայաստանի, հայկական պետականության գոյության հարց է: Այն, ինչ անում է այս խեղկատակը մեր երկրի, ժողովրդի գլխին, տանելու է կործանման, որը պետք է պարզապես կանխել եւ կասեցնել:
- Հանրային ընդվզման նոր ալիքով հնարավոր լինելո՞ւ է կանխել եւ կասեցնել այս կործանարար ընթացքը:
- Միակ ճանապարհը` երկիրը նոր կապիտուլիացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության դեմ: Այս առումով մեր պայքարը որեւէ կերպ կանգ չի առել, եւ վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք դրա համար: Լինի Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, թե` մեկ այլ տեղ, մեր դիրքորոշումը շատ հստակ է: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ մենք ամեն տեղ մի բան չենք ասում, մյուսին հակասում: Մեզ համար կարմիր գիծ է եւ քննարկման ենթակա չէ, չի՛ կարող լինել որեւէ լուծում, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում:
- Հիմա իշխանական շրջանակներն առաջ են տանում այն թեզը, թե Հայաստանը, բանակցություններում չշոշափելով Արցախի հարցը, ճանապարհ է բացում Ադրբեջանի եւ Արցախի ուղիղ երկ- խոսության համար: Ի՞նչ կասեք այս մասին:
- Սա արդեն ձեռառնել է նշանակում: Ամեն ինչ այնքան ակնհայտ է եւ պարզ, որ նույնիսկ մանեւրելու տեղ չկա: Միայն Նիկոլ Փաշինյանը, իր թիմը եւ իրեն սպասարկողները կարող են ժուլիկություն անել եւ փորձել ժողովրդին համոզել հակառակը: Սրանք այնքան են խաբել, որ իրենց ամեն մի հայտարարությունը մեր հասարակության ու ժողովրդի համար վիրավորանք է: Ինչքա՞ն կարելի է ամեն անգամ զիջել, պայմանավորվել ու արդարանալ, ինչ-որ հիմ- նավորումներ բերելով, թե` այդպես չէ, դուք մեզ սխալ եք հասկացել:
- Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ իշխանությունը մի կողմից` հակառուսական տրամադրություններ էր գեներացնում, իսկ մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ռուսական կողմի առաջարկներն ընդունելի են եւ ստորագրում է Սոչիում ընդունված հայտարարության տակ:
- Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք, այսինքն՝ գնալ Բրյուսել ասել մի բան, Մոսկվայում` մեկ այլ բան, Վաշինգտոնում` մի ուրիշ բան, եւ գավառական ժուլիկությամբ երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության եւ հակասությունների մանրադրամ: Գիշերը ՀԺ-ով այլ բան է գրում, կեսօրին Թվիթերով այլ բան է ասում, իսկ երեկոյան, վստահ եմ, զուգահեռ այլ կենտրոնների այլ բան է ասելու եւ գնալու է փակ սենյակներում լրիվ ուրիշ բան ասի:
- Ակնհայտ է, որ Արեւմուտքն այդքան հեշտությամբ իր առաջարկած տարբերակից ձեռք չի քաշի: Ըստ Ձեզ` դրանո՞վ է պայմանավորված վերջին օրերին Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, արեւմտյան այլ բարձրաստիճան ներկայացուցիչների ինտենսիվ այցերը Հայաստան:
- Ամեն մեկն այս իրավիճակում իր «փայն» է ուզում Հայաստանից, մինչդեռ բանակցությունների սեղանին Հայաստանը պետք է հանդես գա հայկական օրակարգով: Հաճախ մեզ հարց են տալիս՝ մոսկովյան տարբերակի՞ն եք կողմնակից, թե՞ վաշինգտոնյան... Մենք հայկական տարբերակ ենք ուզում, որը կպաշտպանի հայկական շահերը եւ մեր պետականության 5 գոյությունը չի վնասի:
Նիկոլի առաջարկածը եւ իբր միջազգային աջակցության ծրագիրն Արցախի հանձնում է, որը բերելու է հայկական պետականության կորստի: Ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, նրանք հայ ժողովրդի դավաճաններն են: Դրանով Հայաստանը չենք պահելու, հիշեք՝ թուրքը հասավ Ջերմուկ այն ժամանակ, երբ տվեցինք Բերձորը, Աղավնոն, Սուսը եւ մյուս համայնքները:
- Բայց իշխանությունն իմիտացիա է ստեղծում, որ բոլոր ռեսուրսները ներդրել են եւ ամեն ինչ անում են մեր բանակի եւ արտաքին քաղաքականության համար...
- Եթե ամեն ինչ անում են, եւ լինում է այն, ինչ կա, ուրեմն՝ ոչինչ չեն անում, ի վիճակի չեն եւ րոպե առաջ պետք է հեռանան: Գիշեր-ցերեկ խոսում են տնտեսական աճից , բայց հայ զինվորը դեռ վրանների տակ է: Ասում են՝զենք չունենք, բահ, ցեմենտ ու տրակտոր էլ չունե՞ն, որ խրամատ փորեն: Հետեւողականորեն, ծրագրավորված դավաճանության եւ անգործության արդյունքում երկիրը կտոր-կտոր հանձնում են, էլ ուրիշ բացատրություն չկա: Ուզում եմ շատ հստակ արձանագրել` մենք դեմ չենք խաղաղությանը, դեմ չենք բանակցություններ վարելուն` այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման եւ Արցախը կորցնելու գնով: Հետեւաբար այն տպավորությունը, թե ընդդիմությունը չի ուզում բանակցել, ուզում է պատերազմ, անհիմն է: Մենք ուզում ենք իրական եւ արժանապատիվ խաղաղություն ու դրա համար պատրաստ ենք պայքարելու: Այդ հնարավորությունն ու ռեսուրսները կան: Թշնամու զորքերը պետք է դուրս շպրտվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Դու չես կարող խոսել խաղաղության մասին, երբ մեր խրամատներում այս պահին կան հայ զինվորների դիակներ, այդ թվում` նաեւ բուժքրոջ դիակ: Բայց այս պայմաններում գնում են Ալիեւի ու էրդողանի հետ սիլի-բիլի են անում, ժպտալով խոսում են ինչ-որ խաղաղության մասին: Դրա համար էլ մեզ որեւէ մեկը չի հարգում, եւ այսօր Հայաստանն այս իրավիճակում է:
- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չբացառելով «Ֆուտբոլային դիվանագիտություն 2» տարբերակը եւ ընդգծել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւս դրական ընթացք կա, եւ այն առանց սադրանքների պետք է անցնի: Ի՞նչ կասեք այս մասին:
- Երբ նոր սկսվում էին Թուրքիայի հետ բանակցությունները, մեզ ասում էին՝ մի կապեք այն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Մինչդեռ Ադրբեջանը չի կարող Թուրքիայից առանձին քաղաքականություն վարել, որովհետեւ իրենց նպատակը մեկ է: Անընդհատ արդարանում էին, թե տարանջատում են արել, Թուրքիայի հետ առանձին հարաբերություններ են փորձում պարզել, հիմա են հասկացել, թե ինչ էինք ասում: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնալիք է ՀՀ պետականության համար, եւ իրենց բոլոր քայլերը բխում է դրանից: Իրենք խաղաղության անվան տակ փորձում են Արցախում իրականացնել նոր ցեղասպանություն եւ էթնիկ զտում: Մենք պետք է ունենանք իշխանություն, ով պատրաստ է պաշտպանելու երկրի սահմանները, այսինքն՝ տարածքային ամբողջակասնությունը, պայքարելու ինքնորոշման եւ ինքնիշխանության համար: Հիմա այս իշխանությունը ձեւ է բռնել, թե պայքարում են ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար ուկեղտոտքարոզչությունենիրականացնում: Մինչդեռ 127 քառ. կմ թշնամին տարածք է գրավել այս մեկուկես ամսվա ընթացքում: Սա Երեւանի կեսից ավելին է: Ու այսքանից հետո` ինչ-որ ինքնիշխանությունից են խոսում: Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքն այսօր ՀՀ իշխանությունն է:
- Այդուհանդերձ, 44-օրյա պատերազմից հետո` օրինակ, Թուրքիայի հետ չերկխոսելու այլընտրանքը ո՞րն է:
- Մենք երբեք չենք ասում Թուրքիայի հետ չպետք է խոսենք: Ասում ենք, որ պետք է խոսենք ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ գլխավորապես նաեւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք երբեք խոսելուն դեմ չենք , բայց այդ խոսակցության եւ սեղանին դրված տարբերակներում պետք է քննարկման առարկա լինեն հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի կենսական շահերը:
- Ինչպե՞ս...
- Շատ հստակ, կան կարմիր գծեր, որոնք երբեք հատել հնարավոր չէ: Այն անճարությունը, որ ասում են՝ դե ի՞նչ անենք, բանակ չունենք, զենք չունենք, պետք է մի կողմ դնել: Դու որեւէ բան չես արել այդ ամենն ունենալու համար: Ավելին` հետպատերազմյան երկրում վեց ամիս գլխավոր շտաբի պետ չես ունեցել, երկու տարվա մեջ նորմալ փորած խրամատ չունես: Սա նշանակում է, որ ոչ թե հնարավորություն ու ռեսուրս չկա, այլ ցանկություն չկա: Այսպես են իրականացնում թշնամու ծրագիրը: Այդ «ինչպես»-ի պատասխանը բազմաթիվ անգամ ասել ենք, թե որն է: Պետք է ճիշտ արտաքին քաղաքականություն, բանակի վերականգնում եւ ժողովրդի համախմբում, որ այս իրավիճակից դուրս գանք: Սրանք անում են ամեն ինչ ճիշտ հակառակը, հետեւաբար չի կարող սրանցով լինել այդ հնարավորությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։