Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքի հայությունը Yerkir.am-ին է փոխանցել իրենց հայտարարությունը՝ խնդրելով հրապարակել այն։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը․
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «իր որդեգրած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը առաջ է տանելու ցանկացած պարագայում՝ հենվելով խորհրդարանական մեծամասնության և հայ ժողովրդի աջակցության վրա»: Եվ արդեն հաջորդ օրն իսկ Պրագայում սկսեց կյանքի կոչել այն՝ մինչև տարեվերջ պայմանագրային տեսք տալու մտադրությամբ:
Գործող վարչախմբի կողմից անցյալ տարի շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջան» վերտառությամբ գաղափարը, ինչպես կյանքը ցույց տվեց՝ ոչ այլ ինչ էր, քան պատերազմներից հոգնած և «խաղաղություն» երազող հանրությանն այդ բառի մոգական ազդեցությամբ մանիպուլացնելու և նրա ընտրաքվեներին տիրանալու միջոցով սեփական իշխանությունը երկարաձգելու պարզագույն հնարք, որը իրական և արժանապատիվ խաղաղության հետ ընդհանրապես որևէ կապ չուներ և չունի:
44-օրյա պատերազմում կրած պարտության ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և պետության մեջքն ուղղելու փոխարեն, վարչախումբը՝ գլխավորությամբ գործող վարչապետի, «խաղաղության դարաշրջան»-ի շրջանակներում անթաքույց կերպով լծվել է թուրքադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող նախապայմանների բավարարմանը, այն է՝ հայությունը անվերջ պահել պառակտված և նվաստացած վիճակում և քայլ առ քայլ կազմաքանդել հայկական պետությունը՝ վերջնարդյունքում կործանելով այն:
Հիմա, ընտրություններից և «խաղաղության դարաշրջանի» հռչակումից մեկ տարի անց, երբ ռազմական գործողությունները Արցախից տեղափոխվել են Հայաստանի տարածք և առանց չափազանցության Հայաստանը կանգնած է գոյաբանանական խնդրի առջև, վարչապետի կողմից այդ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգը համառորեն առաջ մղելը նմանվում է բացահայտ մարտահրավերի՝ ուղղված հայաստանցիներին և աշխարհասփյուռ հայությանը:
Մենք, ներքոստորագրող ծնունդով հայաստանցի հայերս, ովքեր հանգամանքների բերումով ժամանակավորապես բնակվում ենք ՌԴ-ում, բայց ունենք Հայաստանում բնակվող ընտանիքի անդամներ և հարազատներ, մտահոգ նրանց և համայն հայության օրրան Հայաստանի ճակատագրով, հանդիսանալով այն Հայ ժողովրդի մի մասնիկը, որի «աջակցության» վրա հենվելու մասին հայտարարվեց հոկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարությունից և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
1. Անհապաղ դադարեցնել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի շրջանակներում հանդես գալ Հայ ժողովրդի անունից ՝մասնավորապես մեր և մեր ընտանիքների անդամների անունից: Մենք Հայրենիքը աճուրդի հանելու կամ մաս-մաս նվիրաբերելու լիազորություն չենք տվել ոչ-ոքի՝ այդ թվում և ձեզ:
2. Անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները բավարարելուն ուղղված ստորացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգի սպասարկումն ու դրան պայմանագրային տեսք տալը՝ գալիք սերունդների առջև չփակելու մեջքը շտկելու և արժանապատիվ գոյության հնարավորությունների դռները:Բոլոր կարողություններն ուղղել համազգային ներուժի համախմբմանն ու դրա միջոցով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող ընթացիկ վտանգները չեզոքացնելուն:
3. Ձերծ մնալ մեր երկիրը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ ներքաշելու գայթակղությունից՝ ուղղված Հայաստանը ռուսական գեոքաղաքական ազդեցության տիրույթից դուրս բերելուն, ինչն իրապես հղի է կործանարար հետևանքներով: Անհապաղ դադարեցնել Հայաստանում հակառուսական արհեստածին տրամադրությունների գեներացման խրախուսումն ու տարածումը՝ չվնասելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ՌԴ-ում բնակվող երեք միլիոն հայության անվտանգությունը:
4. Վերոնշյալ կետերի կատարման անհնարիության պարագայում անհապաղ հրաժարվել իշխանությունից՝ առանց ցնցումների պետության ղեկավարումը հանձնելով հայաստանցիների և աշխարհասփյուռ հայության շահերից բխող գործառույթներ իրականացնելու ունակ ուժերի:
Կոչ ենք անում կարճ ժամկետում նմանօրինակ հայտարարություն-պահանջագրերով հանդես գալ Հայաստանի բոլոր բնակավայրերի ազգաբնակչությանը, Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցներին և այլ երկրների հայությանը՝ ցույց տալու վարչախմբին, որ չունի լիազորություն հանդես գալու հայ ժողովրդի անունից:
Գործող վարչախմբի կողմից հայության պահանջին ականջալուր չլինելու դեպքում, հիմք վերցնելով ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, ինքնակազմակերպվել և բոլոր ռեսուրսներն ուղղել սեղմ ժամկետում իշխանությունից հեռացնելու վարչախմբին և կանխելու Հայաստանի անվերապահ կործանումը:
Օղակը սեղմված է խեղդամահ անելու աստիճան՝ Հայաստանի և Արցախի, հայոց լեզվի և քրիստոնեական առաքելական հավատքի գոյությունն ու շարունակականությունը ծայրաստիճան վտանգված է և այլևս դիտորդի դերում մնալը հավասարազոր է ինքնաոչնչացման:
Եկել է յուրաքանչյուր հայի հստակ և վճռական դիրքորոշման պահը…
Հայտարարությունը ստորագրել են 18 տարին լրացած 329 հոգի՝ նախապես ծանոթանալով հայտարարության բովանդակությանը: