Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի պատասխան yerkir.am կայքում 27.06.2013թ. հրապարակված «Նախարարի սուտը բռնվեց. «Սպայկա»-ն այլեւս չի մթերում» վերնագրով հոդվածի՝ ՍՊԱՅԿԱ ՍՊԸ-ն ուղարկել է պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի YERKIR.AM-ի խմբագրություն, ս.թ. հունիսի 27-ի ժամը 18:41-ի Ձեր կայքում տեղադրված հրապարակման մեջ մեր ընկերությանը վերաբերող տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը:
YERKIR.AM-ը չճշտված տեղեկություններ է տարածել Սպայկա ՍՊԸ կողմից Արմավիրի մարզում իրականացվող ծիրանի մթերման գործընթացի վերաբերյալ' նշելով թե ընկերությունը դադարեցրել է մթերումը: Ընկերությունը հայտարարում է, որ Արմավիրի մարզում ծիրանի մթերումները իրականացվում են այն համայնքներում, որտեղ մթերքը իր որակական հատկանիշներով համապատասխանում է արտահանման չափանիշներին, մասնավորապես' Խանջյան, Այգեստան, Փշատավան, Ջանֆիդա, Մյասնիկյան, Այգավան և այլ համայնքներում: Ընկերությունը մթերում է ապրանքի դիմաց կանխիք վճարման սկզբունքով:
Ավելին, ընկերությունը ծիրանի մթերման հետ զուգահեռ ներկայումս ՌԴ արտահանման նպատակով ՀՀ պատմության մեջ առաջին անգամ նույն Արմավիրի մարզից իրականացնում է 2013թ. արտադրության կարտոֆիլի և բազուկի մթերում:
Ընկերությունը, ինչպես հայտնի է, աշխատում է ՀՀ բոլոր մարզերի համայնքների հետ և նախապես չճշտված տեղեկությունների տարածումը կարող է հանգեցնել մթերման գործընթացի խափանմանը: Դրա արդյունքում ֆերմերները կարող են խուճապի մատնվել և սկսել էժան գներով իրացնել իրենց ապրանքը' կրելով զգալի վնասներ:
ՍՊԱՅԿԱ ՍՊԸ»
Yerkir.am-ի կողմից
Շնորհակալ ենք հոդվածին արագ արձագանքելու համար եւ, իհարկե, ուրախ ենք տեղեկանալ, որ «Սպայկա» ՍՊԸ-ն շարունակում է մթերում իրականացնել, ու հրապարակում ենք հերքման տեքստը՝ ելնելով օրենսդրության պահանջներից: Սակայն փաստենք, որ մեզ չի ահազանգել մեկ գյուղացի, որը կարող է եւ խնդիրներ ունենալ ընկերության հետ, մեզ ահազանգել են մի խումբ գյուղացիներ, ինչն արդեն «չճշտված տեղեկությունների» շարքը չենք կարող դասել:
Այս ծանր շրջանում, երբ Արմավիրի մարզի գյուղացին ունեցել է բերքի 100 տոկոսանոց կորուստ, եւ միայն փոքրաթիվ գյուղերի բնակիչներ են կարողացել ունենալ մթերք, մեզ ամենաշատը հետաքրքրում է այդ մարդկանց բերքը իրացած տեսնելը, այլ ոչ թե տեսնել ծառից թափվող ծիրան եւ հուսահատ բնակիչ: Իսկ հոդվածի հրապարակումն ուղղված է խնդիր լուծելուն, այլ ոչ թե կառավարական գերատեսչությանը կամ արտահանող ընկերությանը անվանարկելուն:
Բանն այն է, որ հերքման տեքստում չկա այն գյուղի անունը, որի բնակիչներն էլ հենց մեզ ահազանգել էին կամ էլ, գուցե, տեղավորվում է ընկերության կողմից գյուղերի թվարկումից հետո նշված «եւ այլն»-ի մեջ: Իսկ եթե «Սպայկա» ընկերության ասելիքը վերաբերում է նրան, որ այդ գյուղի մթերքն իր որակական հատկանիշներով չի համապատասխանում արտահանման չափանիշներին, ապա փաստենք, որ հերքման տեքստն ստանալուն պես մենք կապ հաստատեցինք գյուղացիների հետ, ովքեր պնդեցին, որ մթերքը մշտապես արտահանել են, այսօր առավոտյան՝ եւս, իսկ այս պահին ընկերության մեքենաները դեռ գյուղից դուրս չեն եկել: Պարզապես չեն մթերում:
Առաջարկում ենք «Սպայկա» ընկերության ներկայացուցիչներին մեզ հետ միասին այցելել Արմավիրի մարզ, հանդիպել մեզ ահազանգած գյուղացիներին եւ պարզել՝ արդյո՞ք նրանք ապատեղեկատվություն են տրամադրել: