Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունների հետ երկխոսելու օրակարգում ՀԱԿ-ը միայն մեկ խնդիր ունի` պետք է բանակցել այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրությունները. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, որը ՀԱԿ-ի կողմից իշխանությունների հետ հինգ բանակցողներից մեկն է:
«Մենք առաջարկում ենք այս օրակարգը, նրանք էլ կարող են առաջարկել իրենց օրակարգը, եւ դրանից հետ կսկսենք բանակցությունները: Ես կարծում եմ, որ դրանք չպետք է երկար ձգվեն. ողջամիտ ժամկետներում մենք պետք է հասկանանք` արդյո՞ք իշխանությունը պատրաստ է դրանց, թե՞ ոչ»,- ասաց Ֆ. Խաչատրյանը:
«Երկիր»-ի այն հարցին, թե հենց այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների առաջարկն անհիմն ու վնասակար է, արդյո՞ք այսքանից հետո երկխոսությունը չի ձախողվելու, Ֆ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես էլ շատ բան ունեմ ասելու, բայց ինձ թույլ չեմ տալիս ասել, որովհետեւ դա իմ կարծիքն է եւ չեմ կարող ՀԱԿ-ի անունից արտահայտել: Հիմա Շարմազանովն ասել է, թող Շարմազանովն էլ պատասխան տա»:
Իսկ այն ճշգրտման վերաբերյալ, թե, փաստորեն, իշխանությունը չի ցանկանում բանակցել այն նույն օրակարգով, ինչ ՀԱԿ-ը, եւ արդյո՞ք սա չի նշանակում, որ երկխոսությունը տապալվում է, ՀԺԿ վարչության քարտուղարը նշեց. «Եթե իշխանությունը չի ընդունում դա, մենք անցնում ենք մեր հաջորդ քայլերին, որը չի ենթադրում հանձնաժողովային ֆորմատ: Երկխոսությունը մենք պատկերացնում ենք միայն արտահերթ ընտրությունների շուրջ: Թե չէ, որ գազարի կիլոն դարձել է 700 դրամ, գնանք երկխոսության, ասե՞նք, ոնց անենք, որ իջեցնեք գինը»:
Թե ո՞րը կլինի այդ հաջորդ քայլը, Ֆ. Խաչատրյանը պատասխանեց, որ դա կախված է իշխանությունների վերաբերմունքից. «Կտեսնենք»: