կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 12:46
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քայլ առ քայլ գնում ենք դեպի Հայաստանի թրքացում և պետականության անկում․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՀ իշխանությունները ոչ միայն պետք եղածը չեն անում Հայաստանի ինքնիշխանությունը պահելու համար, այլ ընդհակառակը շատ արագ և հապճեպ որոշումներով և միակողմանի զիջումներով է առաջնորդվում այս ամբողջ գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, որը Երևանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Դա է մեր մեծագույն մտահոգությունը, որ քայլ առ քայլ մենք գնում ենք դեպի Հայաստանի թրքացում և պետականության անկում։ Ինչպե՞ս այսպիսի վտանգ իշխանությունները չեն տեսնում, մեզ համար ուղղակի զարմանք է,  և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի արդյունքի չհասնենք»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա փաստեց, որ իշխանությունները Գեղարքունիքում, Սյունիքում փոքր-փոքր տարածքների զիջումով արդեն որոշ կացություններ են ստեղծում, որը կնախապատրաստի ավելի մեծ «համաձայնագրի» հավանականությունը, և ասաց, որ ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, որ այդպիսի արդյունքի չհասնենք։

«Սա շատ լուրջ խնդիր է և մենք էլ մտավախություն ունենք, որ սահմանագծման, սահմանազատման հարցով արդեն գաղտնի բանակցություններ սկսել են, և բանակցությունների ընթացքում հանկարծ մի նոր անակնկալ կպատրաստվի հայ ժողովրդի համար, որ մեզ լավատեսություն չի թելադրում։ Այդ ուղղությամբ շատ մտահոգ ենք»,-ասաց նա։

1921թ-ի իրավիճակի հետ, երբ ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, այսօր էլ զուգահեռներ տեսնում է Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Ասում է՝ թուրքական ու ադրբեջանական ախորժակները չեն փոխվել։

«Թուրքիան իր պանթյուրքական նկրտումներից երբեք ետ չի կանգնել, իսկ Ադրբեջանն էլ հիմա ընդհանուր խաղաղության հաստատման պիտակի տակ ուզում է կորզել թե՛ Հայաստանի հողային տարածքներ, և թե՛ վերջնականորեն ճշտել սահմանների խնդիրը և ստիպել Հայաստանին՝ ճանաչելու իր տարածքային ամբողջականությունը՝ այդ ձևով թաղելով Արցախի հարցը»,-ասաց նա։

Սրանք բոլորն էլ, բնականաբար, անընդունելի հանգամանքներ են Հայ Հեղափոխական Դաշնակցության համար, վստահեցրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, իրենք միշտ ասել են և հիմա էլ կրկնում է, որ երկրների միջև հարաբերություններ կարելի է ստեղծել նաև սահմանային խնդրին վերջնական լուծում չտալով․ այդպիսի հարցեր գոյություն ունեն շատ երկրների միջև, լավագույն օրինակը, ըստ նրա, Ռուսաստանի և Ճապոնիայի խնդիրն է, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո մինչև այսօր սահմանային խնդիրներ ունեն կղզիների վերաբերյալ,  բայց դա երբեք չի խանգարել, որ բնականոն հարաբերություններ ունենան։

«Շատ զգուշավորությամբ պետք է մոտենալ այդ հարցին, խանդավառությամբ չնետվել այն աբսուրդ իրավիճակի մեջ, թե մենք վերջնականորեն ամեն ինչ պետք է սահմանագծենք, սահմանազատենք, հարյուրավոր տարիներից ի վեր եղած հարցերը հանկարծ լուծենք այսօր, որովհետև այսօրվա պայմաններում, երբ Հայաստանը պարտված վիճակում է, ունենք պարտվողական հոգեբանությամբ վարչակարգ, և, բնականաբար, բոլոր ուժերը սա օգտագործելով՝ փորձելու են առավելություններ կորզել»,-մտահոգություն հայտնեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Սրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է պատմությունից դասեր քաղելով՝ չընկնել նույն խաղերի մեջ։ ՀՅԴ Բյուրոյի ղեկավարը հույս հայտնեց, որ գիտաժողովի արդյունքները կօգնեն այդ ուղղությամբ զգուշավորության ուղերձ հասցնել նաև գործող իշխանությանը, որպեսզի հայ ժողվորդի անժամանացելի իրավունքները ձեռքից բաց չթողնեն։

Իրանը, Հնդկաստանը, այլ գերտերություններ այս օրերին շահագրգռություն են ցուցաբերում Հայաստանի սուբյեկտայնությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց՝ սա է, որ իշխանությունները լավապես պետք է օգտագործեն։

«Ունենք պետություններ, որոնց համար Հայաստանի գոյությունը որպես անկախ պետականություն, որպես հզոր պետականություն իրենց շահերից էլ է բխում, և այդ ուղղությամբ իրենք պետք է հենվեն նաև այդպիսի հնարավորությունների վրա, որպեսզի զորացնեն իրենց բանակցային ձևերը։ Դժբախտաբար, մեր իշխանությունների կողմից այդ ուղղությամբ մեծ աշխատանք տարվելու իրողությունը չենք տեսնում»,-ասաց նա։

Իրենք, որպես ՀՅԴ, մեծ ջանք են թափում տարբեր երկրների մեջ Հայաստանի համար առավելություններ վաստակելու ուղղությամբ, որպեսզի երկիրը կարողանա առավել հանդուգն և ողնաշարը մի քիչ շտկված խոսի երկու հարևան թշնամիների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․