Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աստված չանի, որ քաղաքապետարանը չորրորդ օրվա ընթացքում չբավարարի մեր պահանջները, շատ վատ բան կլինի քաղաքապետարանի գլխին, կլինի` կտեսնեք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սպառնալիք հնչեցրեցին ուղևորափոխադրող կազմակերպությունների ղեկավարները, որոնք բողոք-նամակով դիմել են քաղաքապետարանին` պահանջելով բավարարել իրենց պահանջները:
Նրանք հայտարարեցին, որ 100 դրամ սակագնով հնարավոր չէ նախապատրաստվել ձմռանը, փոխել անվադողերը, իսկ նման ձևով ուղեւորափոխադրում իրականացնելը հավասար է մարդասպանության, հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Նախաձեռնել են ստորագրահավաք` տրասպորտի սակագնի բարձրացման պահանջով, և 62 ուղևորափոխադրող ընկերություններից 57-ը ստորագրել են բաց նամակը:
Ուղեւորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով` անցյալ անգամ ակտիվիստները աղմուկ բարձրացրեցին, ու քաղաքապետը կասեցրեց տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելը: Իսկ տրանսպորտի գինը չբարձրացնելու դեպքում օրինական կարգով գծատերերը կհրաժարվեն սպասարկել մարդկանց:
Հարցին, թե ի՞նչ սակագնով են պատրաստ աշխատել, գծատերերից մեկը նշեց` 200 դրամ, մյուսը` 139 դրամ:
Գծատերերը բողոքեցին թե' վարորդներից, թե' քաղաքապետարանի վերաբերմունքից: Նրանք երեկ երեք ժամ են սպասել, մինչ քաղաքապետարանը բարեհաճել է ընդունել է իրենց: Նրանց համոզմամբ` լռելու տեղ այլեւս չունեն, 100 դրամ աշխատելու դեպքում ընկերությունները կոչնչանան:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ի՞նչն է խանգարում իրենց շահույթից մարել ծախսերը, հետո` մտածել եկամուտների մասին, Հրանտ Եղիազարյանը նշեց. «Շահույթը մի կարկանդակ է, որից կծում են բոլորը, բայց ոչ` մենք: Հետապնդում ենք շահույթ, բայց չենք ստանում»: Նա հավելեց, որ պատրաստ են աշխատել 150 դրամով, եթե կառավարությունը համաձայնի 50 դրամի դոտացիա վճարել:
Ուղևորափոխադրող ընկերությունների ղեկավարները նշում են, որ իրենք կոտրած տաշտակի առաջ են դեռ 2008 թվականից, շատ անգամ դիմել են թե' քաղաքապետին, թե' նախագահին ու վարչապետին: «Վարորդների բողոքները լուրջ մի ընդունեք, ես իմ հարազատների միջոցներով եմ գոյատևում»,- նշեց գծատերերից մեկը:
Ուղեւորափոխադրողները հայտարարեցին, որ դեմ չեն ո'չ ժողովրդին, ո'չ էլ քաղաքապետարանին, պարզապես իրենց հուզում են իրենց շահերը: