կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-24 12:11
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն իրազեկում է ոստիկանությանը եւ Երեւանի քաղաքապետարանին "շտապ հավաքի" մասին

Րաֆֆի Հովհաննիսյանն իրազեկում է ոստիկանությանը եւ Երեւանի քաղաքապետարանին "շտապ հավաքի" մասին

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, որում նշված է.

 

«ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը 24.02.2013թ., ժամը 15:00-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի` շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք): Հավաքի անցկացման նպատակն է, մասնավորապես, արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի 23.02.2013թ. մարզային այցելություններից հետո Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

 

Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղի ունենալիք հավաքի մասին այսօր առավոտյան կիրազեկվի Երեւանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբն ի լուր հանրության եւ հավաքի մասնակիցների հայտարարում է, որ հավաքն ունի խաղաղ բնույթ եւ անցկացվելու է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

 

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին:

 

Ելնելով վերը նշվածից` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը ակնկալում է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում կաջակցի հավաքի անցկացմանը»։